Վոլոդիմիր Զելենսկի – Ո՛չ Թրամփը, ո՛չ Մասկը, ո՛չ էլ որևէ այլ անձ չի կարող ընտրել Ուկրաինայի նախագահին, դա կարող են անել միայն Ուկրաինայի քաղաքացիները
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրաժարական չի տա, քանի որ պատերազմը համարում է իր պատասխանատվությունը։
Զելենսկին ասել է, որ «ոչ Թրամփը, ոչ Մասկը, ոչ էլ աշխարհում որևէ այլ մեկը չի կարող ընտրել Ուկրաինայի նախագահ»։ Նա ասել է, որ միայն Ուկրաինայի քաղաքացիները կարող են դա անել։
Ուկրաինայի նախագահը բացառել է ընտրություններ անցկացնելը մինչև ռազմական գործողությունների ավարտը։
Հարցին, թե արդյոք նա կքննարկի հրաժարական տալու հնարավորությունը, Զելենսկին պատասխանել է. «Իհարկե՝ ոչ։ Սա իմ պատասխանատվությունն է»։
Զելենսկին պնդել է, որ որոշ ազդեցիկ մարդիկ ցանկանում են փոխարինել իրեն, քանի որ նա երբեք չի ճանաչի Ուկրաինայի տարածքը որպես Ռուսաստանի տարածք։
«Եթե ես հեռացվեմ իշխանությունից, վստահ եմ, որ նոր առաջնորդը, լինի դա կին, թե տղամարդ, կպաշտպանի մեր երկիրը, քանի որ սա մեր տունն է», – ասել է Զելենսկին։
Հարցին, թե արդյոք Ուկրաինան կկարողանա հաղթել առանց ամերիկյան աջակցության, Զելենսկին պատասխանել է. «Մենք ոչ մի դեպքում չենք կորցնի մեր անկախությունը»։
Զելենսկին նաև ասել է, որ ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները Ուկրաինայի համար պետք է ներառեն ամերիկյան հարված Ռուսաստանի վրա նոր հարձակման դեպքում։
«Եթե Պուտինը հարձակվի Ուկրաինայի վրա, Թրամփը կհարվածի Պուտինին։ Եթե սա գրված լինի փաստաթղթում, դա կլինի անվտանգության երաշխիք», – նշել է Ուկրաինայի նախագահը։