Վլադիմիր Զելենսկի. Մենք պետք է կանգ առնենք այնտեղ, որտեղ գտնվում ենք, նախագահ Թրամփը ճիշտ է, մեզ անհրաժեշտ են ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքներ, որ Ռուսաստանը կրկին պատերազմով չի վերադառնա մեզ մոտ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ դիրքորոշմանը։
«Ես կարծում եմ, որ պետք է կանգ առնենք այնտեղ, որտեղ հիմա ենք։ Նախագահը ճիշտ է։ Այո, պատերազմը պետք է կանգնեցնել այնտեղ, որտեղ հիմա ենք։ Դա կարևոր է», – հայտարարել է Զելենսկին լրագրողների հետ զրույցում։
Սակայն Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ իր երկրին անհրաժեշտ են ԱՄՆ-ի կողմից ուժեղ անվտանգության երաշխիքներ։
«Մեզ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից, քանի որ միայն ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի վրա իրական ճնշում գործադրելու հնարավորություն։ Միայն նախագահ Թրամփն ունի Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն։ Մեզ պետք են հզոր երաշխիքներ, որպեսզի Ռուսաստանը կրկին չվերադառնա պատերազմի միջոցով», – նշել է Զելենսկին։
Նախքան դա Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում գրել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է անհապաղ ավարտեն պատերազմը։
«Սահմանները սահմանվել են պատերազմի և խիզախության միջոցով։ Նրանք պետք է կանգնեն այնտեղ, որտեղ հիմա են։ Թող երկու կողմն էլ հայտարարի հաղթանակ, իսկ պատմությունը թող դատի», – գրել էր Թրամփը։