Վլադիմիր Պուտինը ժամանել է Իտուրուպ Կուրիլյան կղզի, Ճապոնիան դատապարտում է այցը՝ հայտարարելով, որ կղզին Ճապոնիայի անբաժանելի մասն է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Իտուրուպ Կուրիլյան կղզի։ Կրեմլի տվյալներով՝ սա Պուտինի առաջին այցն է Կուրիլյան կղզիներ։
Ռուսաստանի առաջնորդը այցելել է Յասնի ձկնամշակման գործարան, շրջանային հիվանդանոց և դպրոց, ինչպես նաև հանդիպել է Սախալինի մարզի նահանգապետի հետ։
Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել է, որ Տոկիոն «կտրականապես դեմ է» այցին և նշել, որ «չորս հյուսիսային տարածքները, այդ թվում՝ Էտորոֆու կղզին (ռուսերեն՝ Իտուրուպ), Ճապոնիայի անբաժանելի մասն են կազմում՝ թե՛ պատմականորեն, թե՛ միջազգային իրավունքի համաձայն»։
Խորհրդային Միությունը Կուրիլյան կղզիները օկուպացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1945 թվականին։ Ճապոնիան կղզեխմբի հարավային մասում գտնվող չորս կղզիները՝ Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայը, համարում է իր պատմական տարածքը։