Վլադիմիր Պուտինը Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին վերսկսել բանակցությունները Ստամբուլում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային առաջարկել է վերսկսել բանակցությունները։
Կրեմլում լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Պուտինը Ուկրաինային առաջարկել է վերսկսել ուղիղ բանակցությունները և նշել է կոնկրետ ամսաթիվ՝ մայիսի 15-ը, և վայր՝ Ստամբուլը։
«Մենք երբեք չենք հրաժարվել ուկրաինական կողմի հետ երկխոսությունից։ Հիշեցնենք, որ մենք չենք դադարեցրել բանակցությունները 2022 թվականին, այլ ուկրաինական կողմն է դադարեցրել։ Անկախ ամեն ինչից, մենք առաջարկում ենք Կիևի իշխանություններին վերսկսել բանակցությունները, որոնք նրանք դադարեցրել էին 2022 թվականի վերջին՝ առանց որևէ նախապայմանի», – նշել է Պուտինը։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վաղը նախատեսում է խոսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և խնդրել նրան հնարավորություն տալ բանակցություններ վարել Թուրքիայում։
Ռուսաստանի նախագահը նաև չի բացառել բանակցությունների ընթացքում հրադադարի համաձայնագրի ձեռքբերումը։
«Մենք չենք բացառում, որ այս բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի համաձայնության գալ նոր զինադադարի և հրադադարի վերաբերյալ, և իրական զինադադարի, որը կպահպանի ոչ միայն Ռուսաստանը, այլև ուկրաինական կողմը։ Սա կլինի առաջին քայլը, կրկնում եմ, դեպի երկարաժամկետ, կայուն խաղաղություն, և ոչ թե նախաբան՝ զինված հակամարտության շարունակության համար՝ Ուկրաինայի զինված ուժերի վերազինումից և համալրումից հետո։ Ո՞ւմ է պետք նման խաղաղությունը»,- ասել է Պուտինը։