Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Կրեմլի հաղորդմամբ, երկխոսությունը տեղի է ունեցել Հայաստանի նախաձեռնությամբ։
Կրեմլը բացատրում է, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ կիսվել է ԱՄՆ և Ադրբեջանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով։
Իր հերթին, Ռուսաստանի նախագահը շեշտել է այն գործողությունների կարևորությունը, որոնք նպաստում են Երևանի և Բաքվի միջև երկարատև խաղաղության ապահովմանը։
Բացի այդ, Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի հետ իր զրույցի արդյունքների, ինչպես նաև Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև ռուս-հայաստանյան համագործակցության որոշ հարցեր։