Վլադիմիր Պուտին. Մենք կամ կազատագրենք տարածքները զինված միջոցներով, կամ ուկրաինական զինված ուժերը կհեռանան այդ տարածքներից և կդադարեցնեն պատերազմը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր առաջին մեկնաբանություններն է արել հնդկական լրատվամիջոցների համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ Կրեմլում կայացած բանակցությունների վերաբերյալ։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ամերիկյան կողմը «խաղաղության պլանի» կետերը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել է դրանք առանձին քննարկել։
«Հակամարտության մեջ ներգրավված կողմերի համար հեշտ գործ չէ համաձայնության գալը», – ասել է Պուտինը։
Հարցին, թե արդյոք կան կետեր, որոնց հետ Ռուսաստանը համաձայն չէ, Ռուսաստանի նախագահը պատասխանել է. «Այո, կային նման հարցեր, մենք դրանք քննարկել ենք»։
«Հիմա ասել, թե կոնկրետ ինչը մեզ դուր չի գալիս և ինչի շուրջ կարող ենք համաձայնության գալ, իմ կարծիքով, վաղաժամ է, քանի որ դա կարող է պարզապես խաթարել Վաշինգտոնի կողմից հաստատված աշխատանքային ռեժիմը», – ասել է Պուտինը։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի առաջնորդը պնդում է, որ ամերիկյան առաջարկները հիմնված են եղել Ալյասկայում Թրամփի հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
Պուտինը նաև կրկնել է Ռուսաստանի պահանջը, որ Ուկրաինան դուրս բերի իր զորքերը Դոնբասից։
«Ամեն ինչ ընթանում է դրան համապատասխան։ Կամ մենք կազատագրենք այս տարածքները զինված միջոցներով, կամ ուկրաինացի զինվորականները կհեռանան այս տարածքներից և կդադարեցնեն այնտեղ պատերազմը», – ասաց Վլադիմիր Պուտինը։