Վիկտոր Օրբան. Քանի դեռ Ուկրաինան մեզ նավթ չի մատակարարել, Հունգարիայից գազ չեն ստանա. մենք պաշտպանելու ենք Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը
Հունգարիան հայտարարել է Ուկրաինային գազի մատակարարման դադարեցման մասին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով՝ Հունգարիան կդադարեցնի գազի մատակարարումը Ուկրաինային այնքան ժամանակ, մինչև չվերականգնվի նավթի մատակարարումը Հունգարիա «Դրուժբա» խողովակաշարով։
«Քանի դեռ Ուկրաինան մեզ նավթ չի մատակարարում, նրանք Հունգարիայից գազ չեն ստանա։ Մենք կպաշտպանենք Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը, կպահպանենք բենզինի պաշտպանված և գազի նվազեցված գները», – հայտարարել է Վիկտոր Օրբանը։
Օրբանի խոսքով՝ Ուկրաինան միտումնավոր արգելափակում է «Դրուժբա» խողովակաշարը։ Հունգարիայի վարչապետը նաև նշել է, որ հաջողությամբ պաշտպանվում է «Ուկրաինայի շանտաժից», և իր քաղաքականության շնորհիվ «հունգարացիները լցակայաններում վճարում են ամենացածր գները»։
Տեղեկության համար նշենք, որ հունվարի 27-ից հետո Սլովակիային և Հունգարիային նավթն այլևս չի մատակարարվում Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» նավթամուղով։ Ուկրաինական կողմի հայտարարությամբ՝ խողովակաշարը վնասվել է ռուսական հարձակման հետևանքով, իսկ Հունգարիան պնդում է, որ Կիևն այն վնասել է միտումնավոր։