Վիկտոր Օրբան. Հունգարիայում կրկին ավտորիտարիզմի դարաշրջան է սկսվել, այսօրվանից մեր առաքելությունն է ժողովրդավարական իրավական պետության վերականգնումը, մենք կարձանագրենք «Տիսա» կուսակցության կառավարության օրենքների խախտումները

21:31, 22.07.2026

Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանն իր աջակիցներին կոչ է արել «վերականգնել ժողովրդավարությունը Հունգարիայում»։ Նրա խոսքով՝ նոր կառավարության պայմաններում երկրում ժողովրդավարությունը ոչնչացվել է։ Այս մասին Օրբանը գրել է սոցիալական ցանցում։

Օրբանի հայտարարության համաձայն՝ 2026 թվականի ընտրություններից հետո «Տիսա» կուսակցությունը փոխել է Հունգարիայի սահմանադրական համակարգը, ինչի հետևանքով, նրա գնահատմամբ, երկիրն «այլևս ժողովրդավարական պետություն չէ, որը հիմնված է օրենքի գերակայության վրա»։

«Հունգարիայում կրկին ավտոկրատիայի դարաշրջան է վրա հասել»,— գրում է Վիկտոր Օրբանը։

Ինչպես գրում է Հունգարիայի նախկին վարչապետը, իր «Ֆիդես» կուսակցությունը «չի ճանաչում այս նոր ավտորիտար համակարգը»։

«Մենք մասնակցություն չենք ունենա այն անձանց ընտրությանը, ովքեր նշանակվել են պաշտոնանկ արված պաշտոնյաների փոխարեն։ Ժողովրդավարական իրավական կարգի վերականգնումից հետո մենք կվերանայենք այդ որոշումները»,— հայտարարել է Օրբանը։

Նրա խոսքով՝ «Ֆիդեսը» կօգտագործի «բոլոր խաղաղ միջոցները ինչպես խորհրդարանում, այնպես էլ դրանից դուրս՝ ավտոկրատական կառավարմանը դիմակայելու համար»։

«Այսօրվանից մեր առաքելությունն է վերականգնել ժողովրդավարական իրավական պետությունը։ Մենք կօգնենք ավտորիտար ռեժիմի զոհերին։ Արձանագրելու ենք «Տիսայի» կառավարության կողմից թույլ տրված օրենքի խախտումները։ Հենց որ վերականգնվի ժողովրդավարական իրավական պետությունը, մենք կապահովենք, որ բոլոր տուժածները ստանան իրենց հասանելիք փոխհատուցումը»,— գրում է Օրբանը։

Սոցիալական ցանցում Օրբանի այս հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ «Ֆիդես» կուսակցությունում նշել են, որ հուլիսի 21-ին քննիչները խուզարկություն են իրականացրել կուսակցության ինտերնետ-սերվերների տեղակայման գրասենյակներում։ Օրբանի քաղաքական ուժը նոր իշխանությանը մեղադրել է կուսակցության գործունեությունը դադարեցնելու փորձի մեջ։

Նմանատիպ