Վիկտոր Օրբան. Ամեն ինչ որոշվեց պատերազմում, և Ռուսաստանը հաղթեց
Վիկտոր Օրբան. Ամեն ինչ որոշվեց պատերազմում, և Ռուսաստանը հաղթեց

Արևմտյան երկրները Ուկրաինային աջակցում են միայն նրա համար, որպեսզի երկրի բաժանումից դուրս չմնան, – այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Harcosok Órája-ին տված հարցազրույցում, որի մի հատված հրապարակվել է սոցիալական ցանցում։

Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ պատերազմում «Ռուսաստանն ըստ էության արդեն հաղթել է»։

Ինչպես նշել է Հունգարիայի վարչապետը, նա Դոնալդ Թրամփին ասել է, որ Բուդապեշտը մնում է այն եվրոպական երկրներից մեկը, որը ռուսական էներգակիրներ է գնում։

Օրբանի խոսքով՝ Թրամփի հետ խոսակցությունը տեղի է ունեցել «ինքնիշխան երկրների առաջնորդների» մակարդակով, ինչից հետո անցել են Ուկրաինայի թեմային։

«Ես հասկանում եմ, որ Եվրոպայում ուժեղանում է գաղութատիրական ընկալումը, քանի որ մեծ պետությունների քաղաքականությունը նորից սկսվել է։ Սա է կանգնած Ուկրաինայի պատերազմի հիմքում։ Արևմուտքը չի ցանկանում դուրս մնալ Ուկրաինայի բաժանումից։ Չխաբվեք՝ նրանք չեն կռվում Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանը Ուկրաինայից վերցրել է 20 տոկոսը, իսկ Արևմուտքում կարծում են, որ իրավունք ունեն մնացած մասն իրենց վերցնել։ Սա տիպիկ իմպերիալիստական պատերազմ է», – հայտարարել է Հունգարիայի վարչապետը։

Վիկտոր Օրբանը կարծում է, որ ԱՄՆ-ը «ամենախելացին է», քանի որ «հանքային ռեսուրսների համաձայնագրի» շնորհիվ երկիրը ստեղծել է տնտեսական հիմք։

«Նրանք ցանկանում են տարածքներ, Ուկրաինայի գյուղատնտեսությունը, նրա օգտակար հանածոների ռեսուրսները։ Այս ամենի հետևում կանգնած է դժբախտ ուկրաինացիների թալանը, և դա ներկայացվում է այնպես, իբր Ուկրաինային պաշտպանում են։ Դա այդպես չէ», – հայտարարել է Վիկտոր Օրբանը։

Միևնույն ժամանակ Օրբանը նշել է, որ երբ Թրամփը կարծիք է հարցրել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ, նա պատասխանել է, որ «պատերազմում ամեն ինչ արդեն որոշված է և Ռուսաստանն է հաղթել»։

Նրա խոսքով՝ հարցը միայն այն է, թե երբ կլինի համաձայնությունը Ռուսաստանի հետ և ով այն կապահովի՝ դա կլինի Թրամփի համաձայնությունը Ռուսաստանի հետ, Ամերիկա-Ռուսաստան համաձայնություն, թե Եվրոպա-Ռուսաստան բանակցություններ։

Բացի այդ, Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ համաձայն է այն փորձագետների հետ, որոնք ասում են, որ Ուկրաինան միայն արևմտյան դաշնակիցների մասշտաբային ռազմական աջակցության շնորհիվ կկարողանար հաղթել։ Սակայն, ըստ նրա, դա արդեն երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի հետ է կապված։

«Դա նշանակում է համաշխարհային պատերազմ, և դա ոչ ոք չի ցանկանում։ Հետևաբար, այս պատերազմում հաղթել հնարավոր չէ, կամ կարելի է ասել, որ Ռուսաստանն արդեն հաղթել է», – ընդգծել է Վիկտոր Օրբանը։