Վերսկսվել են Վրաստանի և Թուրքիայի մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթները

12:13, 02.10.2025

Թուրքական AJet ցածրարժեք ավիաընկերությունը իրականացրել է իր առաջին ուղիղ չվերթը Անկարայից Թբիլիսի։ Ավիաընկերությունը շաբաթական չորս անգամ կթռչի Անկարա-Թբիլիսի-Անկարա երթուղով։ AJet-ը Թուրքիայի ամենամեծ ավիաընկերության՝ Turkish Airlines-ի դուստր ձեռնարկությունն է։

Օդանավակայանների ասոցիացիայի փոխանցմամբ, առաջին չվերթով Թբիլիսի են այցելել Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արչիլ Կալանդիան և AJet Airlines-ի գլխավոր տնօրեն Քերեմ Սարֆին։

«Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ընդունելություն է կազմակերպվել բացման չվերթի կապակցությամբ, որին մասնակցել են Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին, Օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լևան Մոսեշվիլին, Քաղաքացիական ավիացիայի գործակալության և Թբիլիսիի ու Բաթումիի միջազգային օդանավակայանների օպերատոր TAV Georgia-ի ներկայացուցիչները: AJet ավիաընկերության կողմից Անկարա-Թբիլիսի ուղիղ չվերթների մեկնարկի մասին տեղեկատվությունը տարածվել է Վրաստանի նախագահի Թուրքիա այցի ժամանակ: Այս հարցը քննարկվել է նաև Վրաստան-Թուրքիա տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում, որը համանախագահել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ միասին: Մարիամ Քվրիվիշվիլին Անկարայի և Թբիլիսիի միջև ուղիղ չվերթների մեկնարկը քննարկել է նաև Turkish Airlines-ի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Վրաստանն ամենաակտիվ օդային երթևեկությունն ունի հարևան երկրների միջև Թուրքիայի հետ: Անցյալ տարվա տվյալներով՝ երկու երկրների միջև տեղափոխվել է ավելի քան 1,2 միլիոն ուղևոր, ինչը կազմել է Վրաստանի և հարևան երկրների միջև ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի 47%-ը:

Առաջին ութ ամիսների դրությամբ 2025 թվականին Վրաստանի օդանավակայաններում իրականացվել է ռեկորդային թվով՝ ավելի քան 24 հազար միջազգային և ներքին չվերթներ։ Հունվար-օգոստոս ամիսներին իրականացված ուղևորատար և բեռնատար չվերթների թիվը (24,915) 15%-ով գերազանցում է 2024 թվականի նույն ժամանակահատվածում իրականացված չվերթների քանակը։ Այսօրվա դրությամբ բոլոր երեք միջազգային օդանավակայաններում չվերթներ են իրականացվում շաբաթական մոտ 700 հաճախականությամբ։ 2025 թվականի առաջին 8 ամիսներին Վրաստանի օդանավակայաններից օգտվել է ընդհանուր առմամբ 5,635,975 ուղևոր, ինչը 14%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում ընդունված ուղևորների թիվը», – նշվում է հրապարակված տեղեկատվության մեջ։

Նմանատիպ