Վենեսուելան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է ԱՄՆ-ի կողմից իր ափերի մոտ նավերի վրա կատարված հարվածները ճանաչել անօրինական և աջակցել երկրի ինքնիշխանությանը
Վենեսուելան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ԱՄՆ-ի կողմից իր ափամերձ տարածքում իրականացված հարվածները ապօրինի ճանաչելու և երկրի ինքնիշխանությանը աջակցելու կոչով, – հայտնում է «Reuters»-ը։
ՄԱԿ-ում Վենեսուելայի դեսպան Սամուել Մոնկադան Անվտանգության խորհրդին ուղղված նամակում պահանջում է հետաքննել ԱՄՆ-ի կողմից իրականացված այն հարվածները, որոնք, ըստ հաղորդումների, նվազագույնը 27 մարդու կյանք են խլել։
«Խորհուրդը պետք է հայտարարություն ընդունի, որով կրկին կհաստատի պետությունների, այդ թվում՝ Վենեսուելայի ինքնիշխանության, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգման սկզբունքը», – նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներին ուղղված նամակում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է ամրապնդել ԱՄՆ զինված ուժերի ներկայությունը Կարիբյան ծովի հարավային հատվածում և Կենտրոնական հետախուզական վարչությանը (CIA) թույլատրել գաղտնի գործողություններ իրականացնել Վենեսուելայում։
Ամերիկյան զինվորականները նվազագույնը հինգ գործողություն են իրականացրել այն նավերի դեմ, որոնք, ԱՄՆ նախագահի վարչակազմի հայտարարությամբ, ներգրավված են եղել թմրանյութերի առևտրում։