Վախտանգ Գոմելաուրի. Ցույցերի ընթացքում ոստիկանների կողմից ոչ մի անպատշաճ գործողություններ չեն եղել
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի խոսքով, ցույցերի ժամանակ ոստիկանության գործողությունները համարժեք են եղել։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը, մի քանի դեպք է գրանցվել, երբ ոստիկանները բռնության են ենթարկվել քաղաքացիների կողմից։
«Ոստիկանության կողմից ոչ մի անպատշաճ գործողություն չի եղել։ Տեսանք, թե ինչպես են մահակներով հարվածում ոստիկաններին, մի քանի մարդ վիրավորվել է ձերբակալությունների ժամանակ։ Երբ մահակով խփում ես ոստիկանին, չենթարկվում, քեզ պետք է ձերբակալեն ու տանեն ոստիկանություն։ Հետո, որ ոստիկանի հետ գոտեմարտում ես, վայր ես ընկնում, կամ ձեռքդ ես ցավեցնում, կամ քերծում։ Հետո ասում են՝ տես ոստիկանն ինձ ինչ արեց։ Երբ ոստիկանին փայտով են հարվածում, ընդդիմադիրներն ու ընդդիմադիր հեռուստաընկերությունները այդ մասին ոչինչ չեն ասում»,- ասել է Գոմելաուրին։