Վատիկանում այսօր տեղի ունեցած երկու փուլի քվեարկությունից հետո կարդինալները կրկին չկարողացան ընտրել Հռոմի պապ

14:25, 08.05.2025

Վատիկանում կոնկլավի երկրորդ օրն է։ Սիքստինյան կապելլայի ծխնելույզից կրկին սև ծուխ է բարձրացել, ինչը նշանակում է, որ կարդինալները կրկին չեն կարողացել Հռոմի պապ ընտրել օրվա առաջին կեսին տեղի ունեցած երկու փուլի քվեարկությունից հետո։

Հռոմի պապ ընտրելու համար անհրաժեշտ է կարդինալների երկու երրորդի մեծամասնությունը։

Կոնկլավին մասնակցում են 70 երկրներից 133 կարդինալներ, որոնք բոլորը 80 տարեկանից փոքր են։ Նրանցից ավելի քան 100-ը Ֆրանցիսկոսի կողմից օծվել են որպես կարդինալներ։

Օրվա առաջին կեսին, քվեարկության երկու փուլից հետո, կարդինալները կտեղափոխվեն Սանտա Մարթայի նստավայր։ Ընդմիջումից հետո նրանք կվերադառնան Սիքստինյան կապելլա, որտեղ այսօր կանցկացվի ևս երկու քվեարկություն։

Կոնկլավի առաջին օրը՝ մարտի 7-ին, քվեարկությունը տեղի ունեցավ մեկ անգամ, և ծխնելույզից բարձրացող սև ծուխը աշխարհին հայտնեց, որ կարդինալները չեն կարողացել ընտրել պապ։ Կոնկլավի յուրաքանչյուր հաջորդ օրը հնարավոր է քվեարկության չորս փուլ։ Կարդինալների տեղափոխումը Սանտա Մարթայի տաճարից Սիքստինյան կապելլա իրականացվում է խիստ անվտանգության միջոցառումներով։

Հռոմի պապի ընտրության ընթացակարգը գաղտնի է։ Կոնկլավի սկզբից մինչև նոր պապի ընտրությունը կարդինալներին արգելվում է արտաքին աշխարհի հետ ցանկացած շփում։ Նրանք չունեն ինտերնետ, հեռախոսներ կամ լրատվամիջոցների հասանելիություն։

Այս փուլում մի քանի կարդինալներ դիտարկվում են որպես պապական գահի հիմնական թեկնածուներ։ Առաջինը կարդինալ Պիետրո Պարոլինն է։ 70-ամյա վետերան դիվանագետը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պետքարտուղարն էր և, ըստ էության, Սուրբ Աթոռի վարչապետը։ Հռոմի պապի պաշտոնի համար ֆավորիտների թվում է մեկ այլ իտալացի՝ Բոլոնիայի արքեպիսկոպոս Մատեո Զուպպին։ Նա համարվում է թեկնածուներից ամենաառաջադեմը։ Մեկ այլ թեկնածու է Երուսաղեմի Լատինական եկեղեցու պատրիարք Պիերբատիստա Պիցցաբալլան, որը կարդինալ է դարձել 2023 թվականին: 72-ամյա հունգարացի Պետեր Էրդոն պահպանողականների շրջանում համարվում է առաջատար թեկնածու: Պապության մեկ այլ թեկնածու է կարդինալ Լուիս Անտոնիո Տագլեն, որը, ընտրվելու դեպքում, կդառնա առաջին ասիացի պապը։ Կարդինալ Ամբոնգո Բեսունգուն դիտարկվում է որպես պապի պաշտոնի թեկնածու։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից ընտրված Բեսունգուն Աֆրիկայի ամենաակնառու կաթոլիկ առաջնորդներից մեկն է։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին՝ 88 տարեկան հասակում: Ըստ նրա կտակի՝ պապը թաղվել է Հռոմի Սանտա Մարիա Մաջորե տաճարում:

Նմանատիպ