Վաշինգտոն մեկնելուց առաջ Վլադիմիր Զելենսկին զրուցել է Կանադայի վարչապետի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Գերմանիայի կանցլերի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Վաշինգտոն մեկնելուց առաջ, հեռախոսազրույցներ է ունեցել Կանադայի վարչապետ Մարկ Կարնիի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
Զելենսկու խոսքով՝ այս զրույցների ընթացքում նա գործընկեր առաջնորդներին տեղեկացրել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական աշխատանքների ընթացքի և առաջին փաստաթղթերի վերաբերյալ, որոնք, ըստ նրա, արդեն պատրաստ են։
Նա նշել է, որ զրույցները եղել են կարևոր և բովանդակալից, որոնց ընթացքում կողմերը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Վաշինգտոնում նախատեսված է Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հանդիպումը։