USAID-ի շենքը կտեղակայվի ՀԴԲ-ի գլխավոր գրասենյակում
USAID-ի շենքը կտեղակայվի ՀԴԲ-ի գլխավոր գրասենյակում

Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից լուծարված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) շենքում կտեղակայվի ԱՄՆ Դաշնային քննչական բյուրոյի (FBI) նոր շտաբ-բնակարանը։ Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է Դաշնային քննչական բյուրոյի ղեկավար Կեշ Պատելը։

Պատելի խոսքով՝ շտաբ-բնակարանի տեղափոխումը հնարավորություն կտա խնայել ամերիկացի հարկատուների միջոցները, իսկ նոր շենքն ավելի լավ կպատասխանի Դաշնային քննչական բյուրոյի պահանջներին։

«20 տարվա ձախողված փորձերից հետո վերջապես հաստատվել է մի ծրագիր, համաձայն որի՝ կփակվի Հուվերի անունը կրող շենքը, և աշխատակազմը կտեղափոխվի ավելի անվտանգ ու ժամանակակից շինություն», – գրել է Կեշ Պատելը։

Հուվերի անվան շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Դաշնային քննչական բյուրոյի շտաբը, շահագործման է հանձնվել 1975 թվականին։ Քննադատները պնդում են, որ այն հնացած է և այլևս չի համապատասխանում քննչական կառույցի պահանջներին։

2023 թվականին, Ջո Բայդենի վարչակազմի օրոք, Կոնգրեսը աջակցել էր Մերիլենդ նահանգում Դաշնային քննչական բյուրոյի նոր շենքի կառուցման ֆինանսավորմանը։ Սակայն, դատելով ընթացող զարգացումներից, այդ ծրագիրը չեղարկվել է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ներկայումս գտնվում է լուծարման փուլում, որի շրջանակում գործակալության մի շարք ծրագրեր փոխանցվել են Պետդեպարտամենտին, իսկ մյուս մասը դադարեցվել է։