Twitter-ի աշխատակիցն ընկերությունը լքելուց առաջ դիտավորյալ արգելափակել է Թրամփի օգտահաշիվը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 2-ին միառժամանակ չի կարողացել օգտվել Twitter սոցկայքից, քանի որ նրա օգտահաշիվն անհայտ պատճառներով արգելափակված է եղել:
Ինչպես նշում է The Guardian-ը, որոշ ժամանակ անց ընկերությունը պարզաբանել է, որ @realdonaldtrump օգտահաշիվը 11 րոպեով ապաակտիվացրել է Twitter-ի աշխատակիցներից մեկը՝ ընկերությունում իր վերջին աշխատանքային օրվա ընթացքում:
Այնուհանդերձ՝ Twitter-ը հրաժարվել է հրապարակել այդ մարդու անունը` ընդգծելով, որ օգտահաշվի ապաակտիվացումը միտումնավոր է արվել:
Հավելենք, որ Միացյալ Նահանգների 71-ամյա ղեկավարը, որը Twitter-ում ունի 40 մլն-ից ավելի հետևորդ, հայտնի է սոցկայքի նկատմամբ մեծ սիրով:
Բացի այդ, իր կարևորագույն քաղաքական հայտարարությունների մեծ մասը Թրամփն անում է Twitter-ի միջոցով: Նշվում է, որ այժմ ԱՄՆ նախագահի օգտահաշիվն աշխատում է սովորական ռեժիմով:
Հեղինակ -
Edgar Barsegyan