Հյուսիսային Կորեան կրկին ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկում է ընդգրկվելու. Թրամփ
Հյուսիսային Կորեան կրկին ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկում է ընդգրկվելու. Թրամփ

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կրկին ընդգրկվելու է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկում: Նրա խոսքով՝ այս ուշացած և երկար սպասված քայլը ԱՄՆ արշավի մի մասն է, որով Փհենյանի վրա առավելագույն ճնշում պետք է գործադրվի, հաղորդում է AP-ն:

Թրամփը նշել է, որ Հյուսիսային Կորեայի ցանկում ընդգրկվածությունը ենթադրում է լրացուցիչ պատժամիջոցների ներառում: «Բացի միջուկային վտանգից, Հյուսիսային Կորեան բազմիցս աջակցել է միջազգային ահաբեկչությանը, այդ թվում, օտարերկրյա երկրում սպանությունները», – կառավարության նիստում ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ մի շարք պաշտոնյաներ Մալազիայում ԿԺԴՀ առաջնորդի խորթ եղբոր սպանությունն ահաբեկչություն էին անվանել:

Իրավապահ մարմինները դրանում ԿԺԴՀ մի քանի քաղաքացիների էին կասկածում  և մեկ դիվանագետի և Հյուսիսային Կորեայի Air Koryo ավիաընկերության աշխատակցի ձերբակալման մասին հրամանագիր էին տվել:

ԿԺԴՀ  դեսպան Կան Չոլը հեռացվել էր Մալազիայից: Փհենյանը համարժեք պատասխան էր տվել :

Հյուսիսային Կորեան ԱՄՆ նշված ցուցակում մոտ 20 տարի առաջ է ընդգրկվել, երբ 1987 թվականին Հարավային Կորեայի ինքնաթիռն էր ոչնչրացրել, որի  հետևանքով 115 մարդ էր զոհվել: Սակայն նախագահ Ջորջ Բուշը 2008-ին Հյուսիսային Կորեային հանել էր այդ ցուցակից, որպեսզի զինաթափման շուրջ բանակցությունների ճանապարհը հարթեցնի: