Թուրքիայում՝ Քահրամանմարաշի շրջանի դպրոցներից մեկում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով ինը մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել
Թուրքիայում միջնակարգ դպրոցներից մեկում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով ինը մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել. այս մասին տեղեկությունը տարածում է «Ասոշիեյթեդ պրեսը»՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիրավորներից վեցի վիճակը ծանր է։ Նախկინում հաղորդվում էր չորս զոհի մասին։
Քահրամանմարաշի նահանգապետ Մուքերեմ Ունլուերը, խոսելով դպրոցի վրա հարձակման մասին, հայտարարել է, որ կրակը բացել է ութերորդ դասարանի աշակերտը։
«Տարածված տեղեկության համաձայն՝ աշակերտը, ով հրազենը ներս է բերել ուսապարկով, մտել է երկու դասասենյակ և կրակ բացել։ Հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է։ Զոհվել է նաև հենց ինքը՝ 14-ամյա հարձակվողը, սակայն հայտնի չէ՝ նրան սպանել է ոստիկանությունը, թե նա ինքնասպան է եղել»։
Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարձակվողի հայրը նախկին ոստիկան է, ում իրավապահներն արդեն ձերբակալել են։ Տեղական իշխանությունները ենթադրում են, որ աշակերտը զենքը վերցրել է հորից։ Նրանց տեղեկություններով՝ դպրոցականն իր հետ ունեցել է հինգ միավոր զենք և յոթ պահունակ։