Թուրքիայի ոստիկանությունը պետական մրցույթների հետ կապված կոռուպցիոն գործի շրջանակներում ձերբակալել է 59 անձի, այդ թվում՝ Մերսին նահանգի քաղաքապետին, Ենիշեհիրի և Մեզիթլիի համայնքապետերին

17:06, 01.10.2026
Թուրքիայի ոստիկանությունը պետական մրցույթների հետ կապված կոռուպցիոն գործի շրջանակներում ձերբակալել է 59 մարդու, այդ թվում՝ Մերսին նահանգի քաղաքապետ Վահապ Սեչերին ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական կուսակցությունից», ինչպես նաև Ենիշեհիրի համայնքապետ Աբդուլլահ Օզյիգիթին և Մեզիթլիի համայնքապետ Ահմեդ Սերկան Թունջերին։
Տեղեկությունը տարածում է «Անադոլու»-ն։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք մեղադրվում են պետական մրցույթների անցկացման ընթացքում խարդախություն անելու մեջ։
Մերսինի գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ բոլոր երեք դեպքերում պետական շահերին հասցված վնասի ընդհանուր գումարը գերազանցել է 1.4 միլիարդ թուրքական լիրան։
Բացի այդ, Մեզիթլիի համայնքապետ Ահմեդ Սերկան Թունջերի դեմ, կոռուպցիայի գործին զուգահեռ, ընթանում է ևս մեկ՝ առանձին հետաքննություն։ Թունջերի դեմ հետաքննություն է սկսվել «զինված հանցավոր կազմակերպություն ղեկավարելու» համար։ Նա մեղադրվում է այն մարդկանց բիզնեսների վրա զինված հարձակումների մեջ, որոնց հետ հակամարտություն է ունեցել։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հարձակումների թիրախների թվում եղել են «Նոր կուսակցության» տարածքային գրասենյակի շենքը և լրատվամիջոցներից մեկի գրասենյակը։
Տասնյակ քաղաքապետեր, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը, կոռուպցիոն հետաքննության շրջանակներում, դատավարությանը սպասելով, գտնվում են բանտում։
Ընդդիմությունը հերքում է մեղադրանքները և դրանք անվանում քաղաքականապես մոտիվացված։

Նմանատիպ