Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ գիշերը ողջ երկրում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 343 մարդ
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի մի քանի տասնյակ քաղաքներում անցկացված բողոքի ցույցերի ընթացքում մեկ գիշերվա ընթացքում ձերբակալվել է 343 մարդ։
Ըստ լրատվամիջոցների՝ ցույցեր են անցկացվել Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Անթալիայում, Քոնիայում եւ այլ քաղաքներում։
«Զրո հանդուրժողականություն կլինի հասարակական կարգը խախտողների նկատմամբ»,- հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։
Բացի այդ, տասնյակ մարդիկ են ձերբակալվել սոցիալական ցանցերում գրառումների համար։ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 56 մարդու, ովքեր մեղադրվում են սոցցանցերում սադրիչ գրառումներ տարածելու մեջ։
Ի գիտություն ձեզ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը համարվում է նախագահ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը, մարտի 19-ի վաղ առավոտյան ձերբակալվել է իր տանը։ Նրա նկատմամբ երկու դեպքով հետաքննություն է ընթանում։ Էքրեմ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ։ Հետաքննության շրջանակներում ընդհանուր առմամբ ավելի քան 100 մարդ է ձերբակալվել։
Իմամօղլուի ձերբակալությանը հաջորդել են բողոքի ցույցեր Ստամբուլում եւ Անկարայում։ Ձերբակալությունից մեկ օր առաջ Ստամբուլի համալսարանը հետ է կանչել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Էքրեմ Իմամօղլուի դիպլոմը, ինչը նշանակում է, որ նա այլեւս չի կարողանա մասնակցել նախագահական ընտրություններին։