Թուրքիայի հյուսիսարեւմտյան հատվածում անտառային հրդեհն ուժգնացել է
Թուրքիայի հյուսիսարեւմտյան հատվածում անտառային հրդեհն ուժգնացել է

Թուրքիայի հյուսիսարեւմտյան հատվածում անտառային հրդեհն ուժգնացել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական ​​«Անադոլու» գործակալությունը։

Նրանց տվյալներով՝ հրդեհը նոր տարածքներին տարածվելու վտանգի պատճառով որոշվել է տարհանել քաղաքացիներին եւս հինգ բնակավայրերից։ Մինչ այդ բնակչությունը տարհանվել էր ինը գյուղերից։

Հրդեհից տուժածների թիվը հասել է 95-ի։ Ավելի քան 2900 հրշեջներ փորձում են մարել կրակը։ Մոբիլիզացվել է ութ ինքնաթիռ, 28 ուղղաթիռ և 445 միավոր տեխնիկա։

Լայնածավալ հրդեհի պատճառով ժամանակավորապես փակվել է նաեւ Դարդանելի նեղուցը։ Նշենք, որ բացի Թուրքիայից, արդեն հինգ օր է, ինչ անտառային հրդեհ է մոլեգնում նաեւ Հունաստանում, որտեղ բնական աղետից զոհեր են եղել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 20 մարդ։ Նրանցից 18-ը հավանաբար ներգաղթյալներ են, որոնք ապաստանել են Ալեքսանդրոպոլիս քաղաքի մոտ գտնվող անտառում։

Հրդեհը մոլեգնում է նաեւ Աթենքի ծայրամասերում, ինչի պատճառով մի քանի բնակավայրերից մարդիկ տարհանվել են, իսկ Աթենքը պատված է ծխով։ Հրդեհը մարելուն ներգրավված են հարյուրավոր հրշեջներ, զինվորներ, ոստիկաններ և կամավորներ։ Մոբիլիզացված է նաև ավիացիան։