Թուրքիայի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 16 մարդ է վիրավորվել
Թուրքիայի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 16 մարդ է վիրավորվել, իսկ հարձակվողն ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկությունը տարածում է «CNN»-ը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուսումնական հաստատությունում անկանոն կրակ է բացել նույն դպրոցի նախկին աշակերտը։ Դեպքը տեղի է ունեցել Շանլըուրֆայի նահանգի Սիվերեկ շրջանի միջնակարգ դպրոցներից մեկում։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ զինված անձը հրաձգությունից հետո նախ փորձել է թաքնվել դպրոցի շենքում, ապա հրաժարվել է հանձնվել և նույն զենքով ինքնասպան է եղել։
Շանլըուրֆայի նահանգապետ Հասան Սիլդաքի հայտարարությամբ՝ վիրավորների թվում կան տասը աշակերտ, չորս ուսուցիչ, ճաշարանի մեկ աշխատակից և մեկ ոստիկան։ Ինչպես գրում է մամուլը, ուսուցիչներից մեկի վիճակը ծանր է։
Հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է։