Թուրքական ԶՈւ-ն առաջին զոհն ունի սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակում, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Աղբյուրը հայտնում է ևս մի զինվորի վիրավորման մասին:
Թուրքական լրատվամիջոցները պնդում են Թուրքիայի ԶՈւ-ի կողմից քուրդ զինյալների վերահսկողության տակ գտնվող 15 դիրքի գրավման մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք զինվորները նախօրեին արդեն մտել են շուրջ 70 գյուղ: Նշենք, որ Աֆրինի հիմնական բնակչությունը կազմում են քրդերը, այստեղ ապրում են նաև արաբներ և թուրքմեններ:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:
Հեղինակ -
Edgar Barsegyan