Թրամփը կոչ է արել բոլոր երկրներին թալիբների դեմ վճռական գործողություններ նախաձեռնել
Թրամփը կոչ է արել բոլոր երկրներին թալիբների դեմ վճռական գործողություններ նախաձեռնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլոր երկրներին Քաբուլում նոր ահաբեկչական հարձակում իրագործած «Թալիբան» շարժման դեմ վճռական գործողություններ ձեռնարկել:

«Բոլոր երկրները պետք է վճռական գործողություններ նախաձեռնեն «Թալիբան» շարժման և  ահաբեկչական ենթակառուցվածքների դեմ, որոնք սատարում են թալիբներին»,- նշել է նա Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Ես դատապարտում եմ Քաբուլում ստոր հարձակումը, որի հետևանքով մեծ թվով քաղաքացիական անձինք են զոհվել և հարյուրավորները վիրավորվել են,- նշել է նախագահը:  Այս արյունահեղ ահաբեկչական հարձակումը մեր և մեր աֆղանցի գործընկերների վճռականությունը միայն ամրապնդում է: Դաժանությունը, որին դիմում է «Թալիբան» շարժումը, իր նպատակին չի հասնում»:

Թրամփի խոսքով՝ «ԱՄՆ-ն հավատարիմ է Աֆղանստանում անվտանգության ապահովմանը» և կձգտի, որպեսզի այնտեղ «ահաբեկիչներ չմնան, որոնք որպես իրենց թիրախ կընտրեին ամերիկացիներին», նրանց դաշնակիցներին և «բոլոր նրանց, ովքեր իրենց չարամիտ գաղափարախոսությանը համաձայն չեն»:
Նախօրեին Քաբուլի Վազիր Աքբար Խան թաղամասում, որտեղ տեղակայված են արտասահմանյան երկրների դեսպանատները և կառավարական շենքերը՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է շտապ օգնության ականապատ մեքենան: Պայթյունի հետևանքով զոհվել է 95  մարդ, 163-ը՝ վիրավորվել է: Պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: