Վոլոդիմիր Զելենսկի – Կիևի մարզում բնակելի շենքի վրա ռուսական հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, տասը մարդու գտնվելու վայրը դեռևս անհայտ է
Կիևի մարզում բնակելի շենքի վրա ռուսական հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Դիմերում փրկարարները կարողացել են փլատակներից դուրս բերել մեկ երեխայի, մինչդեռ տասը մարդու գտնվելու վայրը դեռևս անհայտ է։
«Շենքին հարվածել է ռուսական «Շահիդը»։ Փաստորեն, ամբողջ նախասրահը պայթեցվել է։ Փրկարարական աշխատանքները խոչընդոտվում են անընդհատ հայտարարվող նոր ավիահարվածների և նոր սպառնալիքների պատճառով։ Տեղում մոբիլիզացված են բավարար ուժեր, և փրկարարներն ունեն անհրաժեշտ միջոցներ։ Փրկարարական գործողությանը մասնակցում է ավելի քան 130 մարդ։ Դիմերում գործողությունը կշարունակվի մինչև բոլոր անհետ կորածների գտնվելու վայրը պարզվի», – ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
Նա նաև ասել է, որ օրվա ընթացքում հարձակում է իրականացվել նաև Կիևի մարզի Վիշնևո քաղաքում, որը խլել է երեք մարդու կյանք։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ թիրախը սովորական մթերային խանութ էր։
«Ռուսաստանի մշտական ահաբեկչությունը։ Այս սրիկաների մշտական բռնությունը։ Եվ այս ամբողջ ահաբեկչության համար նրանք կստանան մեր լիովին արժանի պատասխան հարվածները», – ասաց Զելենսկին։
Բացի այդ, նա ասաց, որ գալիք շաբաթը պետք է արդյունավետ լինի Ուկրաինային աջակցելու առումով։
«Նախատեսվում են պաշտպանության նախարարի հանդիպումներ գործընկերների հետ։ Մենք պատրաստվում ենք գործընկերների հետ պաշտպանական համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի։ Կարևոր քայլեր են նախատեսվում մեր հարևան Եվրամիության անդամ պետությունների հետ, որպեսզի, չնայած այս ռուսական պատերազմին, Ուկրաինան կարողանա առաջ մղել եվրաինտեգրման գործընթացը և հասնել համաձայնեցված նպատակներին, որոնք կօգնեն Ուկրաինային հասնել իրական, լիարժեք եվրոպական ապագայի։ Մենք Եվրամիության հետ հարաբերությունները համարում ենք մեզանից յուրաքանչյուրի՝ Ուկրաինայի և բոլոր ուկրաինացիների անվտանգության անհրաժեշտ երաշխիքներից մեկը։ Սա անպայման տեղի կունենա», – նշեց Զելենսկին։