Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին այցելել է Քվեմո Քարթլի, որի շրջանակներում աշխատանքային հանդիպում է անցկացրել տարածաշրջանի պետական լիազորի և էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված մունիցիպալիտետների քաղաքապետերի նորացված կազմի հետ:
«Հանդիպմանը պետնախարարը տեղական իշխանությունների ղեկավարներին տեղեկատվություն է տրամադրել քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական քաղաքականության առաջնահերթությունների ու իրականացման արդիական հարցերի մասին, ինչպես նաև խոսել է ապագա տեսլականների և պլանավորված նախագծերի մասին: Քննարկում է անցկացվել ընթացիկ և պլանավորված գործունեության շրջանակներում սերտ համագործակցության ուղիների շուրջ և սահմանվել են կոնկրետ նպատակներ», – նշված է պետնախարարի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ:
Հանդիպմանը ներկա էին Ռուսթավիի, Գարդաբանիի, Բոլնիսիի, Դմանիսիի, Թեթրիծղարոյի, Մարնեուլիի և Ծալկայի քաղաքապետերը:
«Տեղական իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումը շատ հետաքրքիր և արդյունավետ անցավ, որի շրջանակներում մինչ օրս ձեռք բերված արդյունքների և մեր կողմից սահմանված առաջնահերթությունների համատեքստում քննարկեցինք առկա կարիքները և նախանշեցինք ապագա քայլերը՝ ինչպես պետական լեզվի ուսուցման, այնպես էլ սոցիալ-տնտեսական ինտեգրման և միջմշակութային երկխոսության հնարավորությունների զարգացման ուղղությամբ: Նման հանդիպումների կարևորությունը պետք է ընդգծել նաև այն հանգամանքով, որ քաղաքացիական ինտեգրման պետական ռազմավարության իրականացման գործում չափազանց մեծ է մունիցիպալ ինքնակառավարման մարմինների դերը», – հայտարարել է պետնախարար Թեա Ախվլեդիանին: