The Economist. 2022 թվականից պատերազմում 60-ից 100 հազար ուկրաինացի զինվոր է զոհվել, պատերազմում Ռուսաստանի կորուստն ավելի մեծ է
«Economist»-ի տվյալներով՝ 2022 թվականից ի վեր պատերազմում զոհվել է 60-ից 100 հազար ուկրաինացի զինվոր։ Հրատարակությունը հիմնված է արևմտյան հետախուզական ծառայությունների, ԱՄՆ վարչակազմի և բաց աղբյուրների տվյալների վրա։ Նույն հոդվածի համաձայն՝ ևս 400 հազար ուկրաինացի զինվոր վիրավորվել է և չի կարողացել վերադառնալ մարտի դաշտ։
Թերթի տվյալներով՝ շուրջ երեք տարի շարունակվող պատերազմում քաղաքացիական բնակչության զոհերը հասնում են տասնյակ հազարների։ Բացի այդ, հրապարակման հեղինակները նշում են, որ զոհված խաղաղ բնակիչների մասին ավելի քիչ տեղեկություն կա, քան զոհված զինվորականների մասին։
Մահացածներից 60 հազարը 18-ից 49 տարեկան տղամարդիկ են, ինչը կազմում է այս կատեգորիայի քաղաքացիների 0,5%-ը, որոնք մինչ պատերազմը բնակվում էին Ուկրաինայում։
«Եթե ենթադրենք, որ յուրաքանչյուր մահացածի դիմաց գալիս է 6-8 ծանր վիրավոր, ապա կստացվի, որ զորակոչի տարիքի գրեթե յուրաքանչյուր քսաներորդ տղամարդը զոհվել է կամ այնքան ծանր վիրավորվել, որ այլեւս չի կարող շարունակել մարտը»,- գրում է «The Economist»:
«The Economist»-ի աղբյուրներից մեկը «UAlosses» կայքն է, որը հաշվարկում է Ուկրաինայի կորուստներն ըստ բաց աղբյուրների։ Այս ռեսուրսի համաձայն՝ 2022 թվականից ի վեր մահացել է առնվազն 60 435 ուկրաինացի զինծառայող։ Խոսքը պաշտոնական թվերի մասին չէ։ Ուկրաինայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները կորուստների մասին պաշտոնական տվյալներ չեն հրապարակում։
«The Economist»-ը, հիմնվելով հետախուզական տվյալների վրա, գրում է, որ պատերազմում Ռուսաստանի կորուստն ավելի մեծ է։ Նրանց տվյալներով՝ Ռուսաստանը կորցրել է մոտ 200 հազար զինվոր։ «Media Zone»-ի և «BBC»-ի լրագրողները բաց աղբյուրների միջոցով բացահայտել են 70 000 զոհված ռուս զինվորների անունները։
«The Economist»-ն ընդգծում է այն փաստը, որ ընթացիկ պատերազմում զոհվածների թիվը մոտենում է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի կորուստներին։