Թբիլիսիում, Հովհաննես Թումանյանի տանը, բացվել է Տիկնիկային թատրոն
Թբիլիսիում, Հովհաննես Թումանյանի տանը, բացվել է Տիկնիկային թատրոն

Թբիլիսիում նշել են ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումայանի 149-ամյա հոբելյանը: Միջոցառումները մեկնարկել են հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնից, որտեղ Վիահայոց թեմի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն: Այնուհետև ներկաները միմյանց նվիրել են գրքեր: Գրքերի նվիրատվության ավանդույթը սկիզբ է դրվել 2008 թվականին, երբ Հայ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հայտարարել է գիրք նվիրելու օր:

Այնուհետև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում բացվել է տիկնիկային թատրոն:

«Այսօր պատմական օր է, տիկնիկային թատրոնը՝ ուղիղ 100 տարի անց, առաջին անգամ, իր հյուրընկալ դռները բացեց հայ և վրաց հանդիսատեսի առջև: Իմ նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի աջակցությամբ Թումանյանի տունը հանձն առավ ևս մեկ կարևոր առաքելություն՝ երեխաների մեջ մանկուց սերմանել սեր դեպի արվեստը, գեղեցիկը, ներդաշնակը: Մենք բոլորս պարտավոր ենք այս հարկի տակ պահել ու պահպանել թումանյանական բարի ավանդույթները և այդպիսով խոնարհում բերել մեծն բանաստեծին»,- նշել է տիկնիկային թատրոնի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:

Թատրոնն իր գործունեության մեկնարկը տվեց Հ.Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի հիման վրա բեմադրված ներկայացմամբ, որը թերևս հայ մանուկների և, ինչու չէ, նաև մեծահասակների ամենասիրելի հեքիաթներից է:

Հովհաննես Թումանյանի տիկնիկային թատրոնի բացմանը ներկա էին քաղաքական գործիչներ, արվեստի ոլորտում ստեղծագործող հայտնի դեմքեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և Հայաստանից ժամանած հյուրեր: