Թբիլիսիում բացվել է վրացական կերպարվեստի թանգարան - ֆոտոշարք

Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում այսօր բացվել է վրացական կերպարվեստի թանգարան:

Թանգարանում ցուցադրվելու է վերջին 80 տարվա ընթացքում ստեղծագործող վրաց հայտնի նկարիչների ավելի քան 3500 աշխատանք, որոնք 20 տարվա ընթացքում թանգարանի հիմնադիրներ, նմուշահավաքներ Գիա Ջոխթաբերիձեն և Մանանա Շևարդնաձեն հավաքում էին ընտանեկան մասնավոր հավաքածուում:

Արվեստի նմշուները ներառում են 1945 թվականից մինչ օրս ընկած ժամանակահատվածը: Այդ թվում են Ապոլոն Քութաթելաձեի, Կոռնելի Սանաձեի, Նաթելա Յանքոշվիլու, Էդմոնդ Կալանդաձեի, Սերգո Փարաջանովի, Ջիբսոն Խունդաձեի, Ալբերտ Դիլբարյանի, Զուրաբ Նիժարաձեի, Լև Բայախչևի, Գիվի Թոիձեի, Թենգիզ Միրզաշվիլու, Ռադիշ Թորդիայի, Թեմո Ջափարիձեի, Գայանե Խաչատրյանի, Թամազ Խուցիշվիլու, Գոգի Չագելիշվիլու, Իրակլի Փարջիանիի աշխատանքները:

Ցուցահանդեսային տարածքն ընդգրկում է 7 000 ք.մ. տարածք և ներկայացված է թանգարանի երեք հարկերում, 31 ցուցասրահներում: Թանգարանում տեղակայված է նաև նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան պահեստ, որը ներառում է 6 000 նկար, 120 հոգու համար նախատեսված կոնֆերենս-դահլիճ և ևս մեկ ցուցահանդեսային տարածք ժամանակավոր ցուցահանդեսների հետ:

Ցանկացողները վրացական կերպարվեստի թանգարան կարող են այցելել 2018 թվականի հոկտեմբերի 2-ից: