Թբիլիսիում Անվտանգության հատուկ նշանակության ջոկատը ձերբակալել է Չինաստանի երեք քաղաքացու՝ երկու կիլոգրամ միջուկային նյութ՝ ուրան անօրինական կերպով ձեռք բերելու փորձի ժամանակ
Թբիլիսիում Անվտանգության հատուկ նշանակության ջոկատը ձերբակալել է Չինաստանի երեք քաղաքացու՝ երկու կիլոգրամ միջուկային նյութ՝ ուրան անօրինական կերպով ձեռք բերելու փորձի ժամանակ

Թբիլիսիում Չինաստանի երեք քաղաքացի ձերբակալվել է երկու կիլոգրամ միջուկային նյութ՝ ուրանի ապօրինի ձեռքբերման փորձի ընթացքում, – այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն։

ՊԱԾ-ի տվյալներով, հանցավոր խմբի անդամները ծրագրում էին ռադիոակտիվ նյութի ապօրինի տեղափոխում դեպի Չինաստան՝ Ռուսաստանի տարածքով։

«Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության և հատուկ գործողությունների վարչությունների աշխատակիցների կողմից համատեղ իրականացված միջոցառման արդյունքում Թբիլիսիում ձերբակալվել են Չինաստանի երեք քաղաքացիներ՝ երկու կիլոգրամ միջուկային նյութ, ուրան, ապօրինի ձեռքբերման փորձի ժամանակ։

Հանցավոր խմբի անդամները ծրագրում էին Թբիլիսիում ռադիոակտիվ նյութի ապօրինի ձեռքբերումը 400 000 ամերիկյան դոլարով, ապա դրա ապօրինի տեղափոխումը Չինաստան՝ Ռուսաստանի Դաշնության տարածքով։

Հանցավոր պլանի իրականացման նպատակով Չինաստանի մի քաղաքացի, որը գտնվել է Վրաստանի տարածքում՝ մուտքի ռեժիմը խախտելով, ներգրավել է ուրանով հետաքրքրվող փորձագետների և երկրի մասշտաբով սկսել է միջուկային նյութի ակտիվ որոնում։ Նշված գործունեությունն արտերկրից համակարգել են հանցավոր խմբի այլ անդամները։ Ապօրինի գործարքի մանրամասների շուրջ բանակցությունների գործընթացում ստացված օպերատիվ տեղեկատվության իրացման արդյունքում հնարավոր է դարձել պարզել մեղավոր անձանց ինքնությունը և նրանց ձերբակալել։

Բացի այդ, քննչական շրջանակներում խուզարկվել են ձերբակալված անձանց ժամանակավոր բնակավայրերը Թբիլիսիում և Բաթումիում։

Քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է մինչև 10 տարի ազատազրկում», – հայտարարել են ՊԱԾ-ից։