Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Մեծ Պահքի նախորդ օրը, Թբիլիսիում Բուն Բարեկենդանը նշվում է Հարիսայի փառատոնով:
Միջոցառումն անցկացվել է Վիրահայոց թեմի աջակցությամբ և «Հայարտուն» մշակութային կենտրոնի օժանդակությամբ:
Հարիսան հայկական ազգային կերակրատեսակ է, որի պատրաստումը երկարատև, սակայն անչափ հետաքրքիր գործընթաց է: Ցորենը եփում են հավի կամ ոչխարի արգանակում (մսաջուր), հարում փայտե գդալով, մինչև միատարր զանգված ստանալը: Համտեսելիս ավելացնում են յուղ կամ կարագ:
Ըստ ավանդության, հարիսայի պատրաստման սովորույթը կապված է Գրիգոր Լուսավորչի անվան հետ: Չքավորներին կերակրելու համար նա գյուղի ժողովրդից խնդրում էր մեծ քանակությամբ միս և հացահատիկ, իսկ իր աշակերտերին հրամայում՝ հարել կաթսայի միսը, և ասում. «Հարեք սա», այստեղից էլ գալիս է ուտեստի անվանումը – Հարիսա:
Հարիսայի փառատոնն այս տարի նշվում է Վիրահայոց թեմի հայերով բնակեցված գրեթե բոլոր շրջաններում:
Թբիլիսիում, Հարիսայի փառատոնն անցկացվել է «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում: Հավատացյալները և հրավիրված հյուրերը համտեսել են հարիսան և նշել Բուն Բարեկենդանը:
Փառատոնին ներկա են գտնել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը՝ կնոջ հետ միասին, Վրաստանի խորհրդարանի անդամ Դավիթ Ճիճինաձեն, Իսանիի շրջանի գամգեբելի Կախա Լաբուչիձեն և այլ հյուրեր:
Հարիսային փառատոնն ավարտվել է ուրախ երաժշտական համարներով: