Թբիլիսիի քաղաքապետարան. քաղաքացիների մի խումբ ներխուժել է կենդանիների կացարան, դուրս բերել հիվանդ շների. սադրանքը ղեկավարել է արմատական ընդդիմության ներկայացուցիչը

18:53, 02.04.2026

Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածում կենդանիների կացարանի մոտ տեղի ունեցած ակցիայի վերաբերյալ։

Ինչպես նշված է հայտարարության մեջ, քաղաքացիների մի խումբ ինքնակամ ներխուժել է շենք, վանդակներից դուրս բերել հիվանդ շների, ինչպես նաև կատաղության վիրուսի կասկածանքով հսկողության տակ գտնվող կենդանիների, ինչը հանդիսանում է ինչպես անվտանգության նորմերի, այնպես էլ օրենքի կոպիտ խախտում։

«Ցանկանում ենք արձագանքել մայրաքաղաքում՝ կենդանիների կացարանի մոտ ընթացող ակցիային, որի ժամանակ քաղաքացիների մի խումբ ինքնակամ ներխուժել է շենք՝ խոչընդոտելով կացարանի անասնաբույժների գործունեությունը։ Ակցիայի մասնակիցների թվում էր արմատական ընդդիմության ներկայացուցիչը, ով անմիջականորեն ղեկավարում էր սադրանքի կազմակերպումը։ Քաղաքացիների մի մասը նաև չի ենթարկվել վարչակազմի ներկայացուցիչների հրահանգներին, ովքեր պատրաստ էին օրենքի շրջանակներում նրանց ցույց տալ կացարանի տարածքը և ծանոթացնել աշխատանքային գործընթացին։

Չնայած բազմաթիվ հորդորներին՝ քաղաքացիների ագրեսիվ խումբը ներխուժել է նաև կացարանի այնպիսի տարածք, որտեղ տեղավորված են հիվանդ և հսկողության տակ գտնվող շներ, հետևաբար, սանիտարահիգիենիկ նորմերից ելնելով, այնտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է։ Ավելին, նրանք վանդակներից դուրս են բերել հիվանդ շների, ինչպես նաև կատաղության վիրուսի կասկածանքով հսկողության տակ գտնվող կենդանիների, ինչը հանդիսանում է ինչպես անվտանգության նորմերի, այնպես էլ օրենքի կոպիտ խախտում։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ կենդանիների մունիցիպալ կացարանում պահպանված են համապատասխան սանիտարական նորմերը, աշխատանքային գործընթացն ընթանում է ներքին կանոնակարգի և օրենքի լիակատար պահպանմամբ։ Նաև կացարանի տարածքում գոյություն չունի դիակիզարան, որը փնտրում էին ակցիայի մասնակիցները։ Հորդորում ենք քաղաքացիներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին ենթարկվել օրենքին, քանի որ վարչական շենք ներխուժելը օրինախախտում է, որին կհետևի համապատասխան արձագանք։

Կենդանիների մոնիտորինգի գործակալությունը պատրաստ է ցանկացած շահագրգիռ անձի, համապատասխան նորմերի պահպանմամբ, ցույց տալ կացարանի տարածքը և ծանոթացնել աշխատանքային գործընթացին»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Նմանատիպ