Թամար Իոսելիանին Սաուդյան Արաբիայի տրանսպորտի և լոգիստիկայի փոխնախարարի հետ քննարկել է օդային և ծովային տրանսպորտի ոլորտում համագործակցությունը
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Թամար Իոսելիանին հանդիպել է Սաուդյան Արաբիայի տրանսպորտի և լոգիստիկայի նախարարի տեղակալ Ահմեդ բին Սուֆիան ալ-Հասանին։ Հանդիպումը կայացել է «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի համաժողովի» շրջանակում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության հարցեր։
Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Սաուդյան Արաբիայի միջև 2019 թվականին ստորագրված օդային տրանսպորտի ոլորտի համաձայնագրին, որը զգալիորեն նպաստել է երկու երկրների միջև ուղևորահոսքի և ավիափոխադրումների աճին։ 2024 թվականի ինն ամսվա տվյալներով՝ Վրաստանի և Սաուդյան Արաբիայի միջև փոխադրված ուղևորների թիվը գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը 12.8%-ով, իսկ համաձայնագրի ստորագրումից առաջ գրանցված ցուցանիշները՝ գրեթե ինն անգամ։ Ներկայումս երկու երկրների միջև ավիաչվերթները իրականացնում է Սաուդյան Արաբիայի Flynas ավիաընկերությունը՝ շաբաթական յոթ հաճախականությամբ, երկու ուղղություններով։
Քննարկվել է նաև ծովային տրանսպորտի ոլորտում համագործակցությունը։ Ընդգծվել է, որ 2021 թվականին երկու երկրների միջև ստորագրվել է հուշագիր՝ նավաստիների սերտիֆիկատների փոխճանաչման վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս վրացի նավաստիներին աշխատել և ծառայել Սաուդյան Արաբիայի դրոշի տակ գործող նավերում։ Կողմերը դիտարկել են նաև համագործակցության հնարավորությունները ծովային կրթության, ծովային տրանսպորտի թվայնացման և կանաչ տրանսպորտի ուղղություններով։
Հանդիպմանը մասնակցել է ծովային տրանսպորտի գործակալության տնօրեն Իվանե Աբաշիձեն։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։