Թամար Իոսելիանի. Օգոստոսից Թբիլիսի-Բաթումի երթուղու տևողությունը կկրճատվի մինչև 4 ժամ, մոտ ապագայում նոր գնացքներով կավելանան Թբիլիսի-Քութայիսի և Թբիլիսի-Ախալցիխե ուղղությունները
Թամար Իոսելիանի. Օգոստոսից Թբիլիսի-Բաթումի երթուղու տևողությունը կկրճատվի մինչև 4 ժամ, մոտ ապագայում նոր գնացքներով կավելանան Թբիլիսի-Քութայիսի և Թբիլիսի-Ախալցիխե ուղղությունները

Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Թամար Իոսելիանիի գնահատմամբ՝ Վրացական երկաթուղում իրականացվող բարեփոխումներն ու տրանսֆորմացիան առաջիկա երկու տարում ամբողջությամբ կփոխեն համակարգը՝ այն դարձնելով արագ, արդյունավետ և մրցունակ, որը պատրաստ կլինի ընդունել ավելացված բեռնաշրջանառությունը:

«Վրացական երկաթուղին իրականացնում է գլխավոր երկաթգծի վերականգնումը, ինչը նշանակում է, որ ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների ուղղությամբ զգալիորեն կկրճատվի երկիրը հատելու ժամանակը: Ինչ վերաբերում է ուղևորափոխադրումներին, ինչպես նշել է Վրաստանի վարչապետը, ամառային շրջանում՝ մոտավորապես օգոստոսից, մենք կկարողանանք Թբիլիսի-Բաթումի երթուղով 5,5 ժամվա փոխարեն Բաթումի հասնել 4 ժամում», – հայտարարել է Թամար Իոսելիանին։

Նրա խոսքով՝ իրականացվում է նաև ժամանակակից էլեկտրոնային համակարգերի ներդրում։

Թամար Իոսելիանիի տեղեկացմամբ՝ երկաթուղուն կավելանան նոր երթուղիներ, այդ թվում՝ Թբիլիսի-Քութայիսի և Թբիլիսի-Ախալցիխե ուղղությունները՝ նոր շարժակազմերով: Հատկանշական է, որ Թբիլիսի-Ախալցիխե ուղղությամբ ճանապարհի տևողությունը կկրճատվի կիսով չափ՝ 6 ժամից դառնալով 3 ժամ:

Փոխնախարարի խոսքով՝ ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, ապա ընթանում է երկաթուղու տրանսֆորմացիա։

«Վրաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ է նման ներդրում կատարվում Վրացական երկաթուղում, ինչն ինքնին հնարավորություն է տալիս ասելու, որ մենք կլինենք հուսալի գործընկեր Միջին միջանցքում», – նշել է Թամար Իոսելիանին։