Թաիլանդը և Կամբոջան կրկին հրադադարի համաձայնագիր են ստորագրել
Թաիլանդը և Կամբոջան կրկին հրադադարի համաձայնագիր են ստորագրել

Թայլանդը և Կամբոջան համաձայնության են հասել հրադադարի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այն համաձայնագիրը, որին ստորագրություն են դրել երկու երկրների պաշտպանության նախարարները, ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 27-ից։

Կողմերը պայմանավորվել են, որ Թայլանդի և Կամբոջայի զինված ուժերը կմնան առկա ճակատային գծերի երկայնքով՝ իրենց զբաղեցրած դիրքերում։ Թայլանդի կառավարությունը խոստացել է վերադարձնել հայրենիք 18 զինծառայողի, եթե հրադադարի պայմանագիրը տևի ավելի քան 72 ժամ։

Թայլանդի և Կամբոջայի միջև վերջին ռազմական գործողությունները տևել են 20 օր։ Մարտերը սկսվել են դեկտեմբերի 6-ին։ Բախումների արդյունքում երկու կողմում էլ զոհվել է 101 մարդ։ Հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։

Հիշեցնենք, որ Թայլանդի և Կամբոջայի հակամարտությունը տևում է ավելի քան 100 տարի։ Կողմերի վեճի առարկան այն տարածքներն են, որոնք գտնվում են երկու երկրների միջև ձգվող 800 կիլոմետրանոց սահմանի երկայնքով։ Հակամարտությունը սրվել էր նաև հուլիսին, երբ զոհվել էր 48 մարդ։ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ երկրները հոկտեմբերին խաղաղության համաձայնագիր էին ստորագրել, սակայն այն դեկտեմբերին խախտվել էր։