Տեխասի նահանգապետը որոշում է կայացրել նահանգում տեղակայել ազգային գվարդիան. «Խաղաղ բողոքը օրինական է, սակայն մարդու կամ գույքի վնասումը՝ անօրինական, և այն կհանգեցնի ձերբակալության»

11:28, 11.06.2025

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հաստատում է ամերիկյան մամուլում տարածված տեղեկատվությունը իր նահանգում ազգային գվարդիայի ուժերի տեղակայման մասին։ Այս մասին Էբոթը գրել է սոցիալական ցանց X-ում։

Նման որոշումը նա կայացրել է Տեխասի մի քանի քաղաքներում միգրացիոն ռեյդերի դեմ ընթացող բողոքի ակցիաների պատճառով։

«Տեխասի ազգային գվարդիան կտեղակայվի նահանգի տարածքում՝ խաղաղությունն ու կարգուկանոնը ապահովելու նպատակով։ Խաղաղ բողոքը օրինական է։ Մարդու կամ գույքի վնասումը՝ անօրինական, և այն կհանգեցնի ձերբակալության։ Տեխասի գվարդիան կիրառում է բոլոր միջոցներն ու ռազմավարությունները՝ իրավապահներին կարգուկանոնի պահպանման գործում աջակցելու համար», – գրել է Էբոթը։

Կալիֆոռնիայում ուրբաթ օրվանից շարունակվում են միգրացիոն վերահսկողության ծառայության ռեյդերի դեմ բողոքի ակցիաներն ու անկարգությունները։ Ակնհայտ անկարգությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթվա վերջին որոշում է կայացրել Լոս Անջելեսում ուղարկել ազգային գվարդիայի ստորաբաժանումներ։ Հետագայում բողոքի ակցիաները տարածվել են ԱՄՆ առնվազն տասը քաղաքում, այդ թվում՝ Տեխասի Օսթին և Դալաս քաղաքներում։

Նմանատիպ