Տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
Տեսազրույց է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Տեսակոնֆերանսի մասին տեղեկությունը տարածում են հայկական և ադրբեջանական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հանդիպումը կայացել է Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում, նախապես ծրագրված օրակարգի համաձայն, կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ հումանիտար հարցեր, վստահության ամրապնդում, հաղորդակցությունների բացում, սահմանների սահմանազատում և սահմանագծում և խաղաղության պայմանագրի մասին բանակցությունների սկիզբ: Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը հատուկ ուշադրություն է դարձրել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանին միջազգային աջակցության մեծացմանը, ինչպես նաև ազատագրված տարածքների ականազերծմանը, երկաթուղային և ճանապարհային միջանցքների բացմանը։
Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ խաղաղ համաձայնագրի ստորագրումը։
Հանդիպմանը քննարկվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն Ադրբեջան և Հայաստան ուղարկելու հարցը։