Ճապոնիան և Ֆրանսիան պայմանավորվել են համագործակցել Մերձավոր Արևելքի հակամարտության դադարեցման և Հորմուզի նեղուցի բացման հարցերում
Ճապոնիան և Ֆրանսիան պայմանավորվել են համագործակցել Մերձավոր Արևելքի հակամարտության դադարեցման և Հորմուզի նեղուցի բացման հարցերում

Ճապոնիան և Ֆրանսիան պայմանավորվել են համագործակցել Մերձավոր Արևելքի հակամարտության դադարեցման և Հորմուզի նեղուցի բացման հարցերում։ Այս մասին Տոկիոյում կայացած բանակցություններից հետո խոսել են Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Սանաե Տակաիչին հայտարարել է, որ կողմերը «հաստատել են Հորմուզի նեղուցում ազատ տեղաշարժի ապահովման և լարվածության արագ թուլացման կարևորությունը»։

«Միջազգային անվտանգության գնալով ավելի ծանրացող ֆոնին առանձնապես կարևոր է դարձել համագործակցությունը համախոհ երկրների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի, որը նաև Մեծ յոթնյակի նախագահողն է։ Մենք ձգտում ենք հաստատակամորեն ուժեղացնել ռազմավարական համագործակցությունը անվտանգության, պաշտպանության և տնտեսական անվտանգության ոլորտներում»,- նշել է Տակաիչին։

Իր հերթին, Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան և Ճապոնիան ունեն նույն դիրքորոշումը, և «նեղուցում նավագնացության ազատության վերականգնումը» երկու երկրների առաջնահերթությունն է։

Հանդիպմանը առաջնորդները նաև ստորագրել են համաձայնագրեր կրիտիկական օգտակար հանածոների, քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում համագործակցության վերաբերյալ։