Ծառայողական լիազորությունների չարաշահման փաստով սպասարկման գործակալության մեկ աշխատակից ձերբակալվել է, իսկ երեք անձ, համապատասխան եզրակացության հիման վրա, հեռացվել են գերատեսչությունից
Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության աշխատակիցները, իրականացված քննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում, ծառայողական լիազորությունների չարաշահման փաստով մեղադրանք են առաջադրել մեկ անձի, իսկ երեք անձ, համապատասխան եզրակացության հիման վրա, հեռացվել են գերատեսչությունից: Այս մասին տեղեկատվություն է տարածում ՆԳՆ-ն:
Գերատեսչության փոխանցմամբ՝ քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի առաջին մասով:
«Քննությամբ պարզվել է, որ Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության աշխատակից՝ 1977 թվականին ծնված Դ.Ի.-ն, որի լիազորությունների մեջ էր մտնում վարորդական իրավունք ստանալ ցանկացող անձանց գործնական քննության անցկացումը, չարաշահել է ծառայողական լիազորությունները և գործնական քննության ժամանակ իր կողմից կտրված թեկնածուներին գիտակցաբար ուղարկել է իր մտերիմ անձի մոտ՝ գործնական պարապմունքներ անցկացնելու նպատակով, ինչից ստացել է նյութական օգուտ:
Նաև, քրեական գործի քննության ընթացքում ի հայտ են եկել սպասարկման գործակալության աշխատակիցներ Գ.Ս.-ի, Լ.Ղ.-ի և Ա.Բ.-ի կողմից կարգապահական զանցանքի նշաններ, ինչը հաստատվել է իրականացված ծառայողական ստուգման արդյունքում: Նշված զանցանքի հետևանքով սպասարկման գործակալության կողմից երեք քաղաքացու սխալմամբ տրվել են վարորդական իրավունքի վկայականներ:
Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության աշխատակիցներ Գ.Ս.-ի, Լ.Ղ.-ի և Ա.Բ.-ի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «աշխատանքից ազատում»», – ասված է ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ: