«Տամիֆլու» դեղամիջոցը անվճար կլինի Վրաստանի ցանկացած քաղաքացու համար
Վարչապետի և Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, հունվարի 12-ից «Տամիֆլու» հակավարակային դեղամիջոցը անվճար կլինի ոչ միայն ռիսկային խմբերի, այլ բոլոր քաղաքացիների համար: Նշված որոշումը հանրությանը ծանոթացրել է օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն:
Նոր նախաձեռնության համաձայն, հանրային առողջապահության կենտրոններից բացի, դեղամիջոցների տրման գործընթացին ներգրավվելու են նաև առողջապահության հաստատությունները, որոնք աշխատում են 24/7 ռեժիմով: Բժիշկը հնարավորություն կունենա ախտորոշումը հաստատվելուց հետո անձամբ տալ դեղամիջոցը:
Գործընթացին ներգրավվելու առաջարկ է արվել նաև դեղատնային ցանցերին: Դեղատներում բնակչության ցանկացած խմբի համար «Տամիֆլու» դեղամիջոցը տրվելու է անվճար, №100 ձևաթղթի հիման վրա:
Մինչ այժմ «Տամիֆլու»-ն անվճար տրվում էր միայն ռիսկային խմբի մարդկանց. սոցիալապես անապահովներ, թոշակառուներ, հղիներ, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք, (շաքարախտ, վահանաձև գեղձի հիվանդություններ), երեխաներ: