Սուլխան Թամազաշվիլին ծանոթացման հանդիպում ունեցավ Հայաստանի դեսպանի հետ
Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին ծանոթացման հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև սերտ և արդյունավետ համագործակցության հարցերը և ընդգծել գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման կարևորությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում ընթացող գործընթացներին և անվտանգության հարցերին։
Կողմերը կենտրոնացել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների միջև արդյունավետ համագործակցության վրա և պատրաստակամություն հայտնել ապագայում ակտիվորեն շարունակել համատեղ աշխատանքը՝ առկա գործընկերային կապերը ավելի խորացնելու համար։
Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։