Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ապրիլի 25-ին կմեկնեն Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների համար
Հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ապրիլի 25-ին առավոտյան կմեկնեն Պակիստան՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար. այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:
Լևիթը նշել է, որ իրանական կողմը կապ է հաստատել ամերիկյան կողմի հետ և առանձնազրույց է խնդրել: Սպիտակ տան խոսնակի հայտարարության համաձայն՝ միջնորդությունը կրկին կիրականացնեն պակիստանցիները։
«Փոխնախագահը դեռևս խորապես ներգրավված է այս ողջ գործընթացում և նա այստեղ՝ Միացյալ Նահանգներում, կլինի նախագահի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ազգային անվտանգության ողջ թիմի հետ՝ նորություններ ստանալու համար: Իհարկե, բոլորը պատրաստ կլինեն մեկնել Պակիստան՝ անհրաժեշտության դեպքում։ Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք իրոք որոշակի առաջընթաց ենք տեսել Իրանի կողմից։ Կրկին՝ նախագահը որոշում է կայացրել Սթիվին և Ջարեդին ուղարկել իրանցիներին լսելու համար, այնպես որ տեսնենք, թե ինչ կասեն նրանք», – նշել է Քերոլայն Լևիթը: