«Սթարբաքսը» սկսում է գործունեությունը Վրաստանում, առաջին օբյեկտը կբացվի Թբիլիսիում 2026 թվականի ամռանը
«Սթարբաքսը» մուտք է գործում Վրաստան։ Ինչպես այսօր հայտարարել է ընկերությունը, բրենդի խանութները կբացվեն Alshaya Group-ի հետ համագործակցությամբ, որը «Սթարբաքսի» աշխարհի խոշորագույն լիցենզավորված գործընկերներից մեկն է։
«Սա կարևոր փուլ է ինչպես «Սթարբաքսի» գլոբալ ցանցի ընդլայնման, այնպես էլ Եվրասիայի տարածաշրջանում Alshaya Group-ի գործունեության հզորացման տեսանկյունից։ Նախագիծը կնպաստի տեղական զբաղվածության աճին և երկրի տնտեսական ու սոցիալական զարգացմանը։ «Սթարբաքսի» առաջին օբյեկտը կբացվի 2026 թվականի ամռանը Թբիլիսիում՝ Իլիա Ճավճավաձեի պողոտայում գտնվող Axis Towers-ում, իսկ հաջորդ ամիսներին ցանցի ընդլայնումը պլանավորվում է նաև Վրաստանի այլ քաղաքներում։ «Սթարբաքս» բրենդի մուտքը Վրաստան իրականացվել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Արտադրիր Վրաստանում» գործակալության, Վրաստանի արտաքին գործերի նախարարության, Քուվեյթում Վրաստանի դեսպանատան և Վրաստանում Թուրքիայի դեսպանատան աջակցությամբ»,- ասված է «Արտադրիր Վրաստանում» տարածած տեղեկատվության մեջ։
Ինչպես հայտարարել է Alshaya Group-ում «Սթարբաքսի» նախագահ Սալեհ Ալշայան, բրենդի մուտքը Վրաստան մեծ սպասումներով էր ուղեկցվում։
«Հպարտ ենք, որ «Սթարբաքսը» ներկայացնում ենք սուրճի վրացի սիրահարներին։ Բրենդի մուտքը Վրաստան մեծ սպասումներով էր ուղեկցվում, ինչը լիովին արձագանքում է երկրի զարգացած սրճարանային մշակույթին և երիտասարդ, դինամիկ սպառողական միջավայրին։ Մեր նպատակն է, որ հնարավորինս շատ մարդիկ զգան «Սթարբաքսի» բարձր որակը և բացառիկ հյուրընկալությունը, միևնույն ժամանակ նպաստելով տեղական մատակարարների զարգացմանը և Վրաստանում զբաղվածության նոր հնարավորությունների ստեղծմանը»,- հայտարարել է Սալեհ Ալշայան։
Բացի այդ, ինչպես հայտարարում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում «Սթարբաքսի» նախագահ Դունկան Մոյրը, աշխարհի ավելի քան 90 երկրներում գործելուց հետո ընկերությունը Alshaya Group-ի հետ համագործակցությամբ կմտնի Վրաստան։
«Այժմ մենք արդեն կարող ենք առաջարկել մեր եզակի սուրճի փորձը Վրաստանի նոր սպառողներին։ Այս քայլը մեզ հնարավորություն է տալիս մեր ներդրումն ունենալ տարածաշրջանում աճող սուրճի մշակույթի մեջ, ստեղծել նոր կապեր և ներդրումներ կատարել այն հասարակություններում, որոնց ծառայում ենք»,- հայտարարել է նա։
Նաև «Արտադրիր Վրաստանում» գործակալության տնօրեն Միխեիլ Խիդուրելին հայտարարում է, որ մի քանի տարվա ակտիվ աշխատանքի արդյունքում, Քուվեյթում Վրաստանի դեսպանատան ներգրավվածությամբ և օգնությամբ, հաջողությամբ ավարտվել են բանակցությունները Alshaya Group-ի հետ, և «Սթարբաքս» բրենդն արդեն պաշտոնապես մուտք է գործում վրացական շուկա։
«Սա երկարատև և ինտենսիվ գործընթաց էր. Վրաստան մի քանի անգամ ժամանեց ընկերության բարձրաստիճան պատվիրակություն, գործակալության հետ սերտ համագործակցությամբ իրականացվում էր շուկայի խորքային ուսումնասիրություն, վայրերի զննում և հանդիպումներ պոտենցիալ գործընկերների հետ։ Այսօր արդեն ունենք կոնկրետ արդյունք՝ աշխարհի ամենահայտնի բրենդներից մեկի մուտքը մեր երկիր, ինչը կստեղծի նոր աշխատատեղեր, կբարելավի ծառայությունների որակը և էլ ավելի կհզորացնի Վրաստանի ներդրումային գրավչությունը»,- նշել է Խիդուրելին։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Իրակլի Նադարեիշվիլիի խոսքով՝ ողջունելի է վրացական շուկա այնպիսի գլոբալ բրենդի մուտքը, ինչպիսին «Սթարբաքսն» է։
«Սա կարևոր օտարերկրյա ներդրում է և, որ ամենակարևորն է, հստակ ուղերձ կլինի այլ ներդրողների համար՝ Վրաստանի շուկայով հետաքրքրվելու տեսանկյունից։ Տարբեր հեղինակավոր վարկանիշներով և գնահատականներով Վրաստանն առաջատար է ոչ միայն լայն տարածաշրջանի, այլև Եվրոպայի մասշտաբով՝ բիզնեսի համար բարենպաստ և գրավիչ ներդրումային միջավայրի տեսանկյունից։ Հետևաբար, ակնկալում ենք, որ Վրաստանը կհայտնվի ոչ միայն «Սթարբաքսի», այլև այլ հայտնի գլոբալ բրենդների հետաքրքրությունների ոլորտում։ Համոզված ենք, որ ընկերության առաջին օբյեկտը շուտով կվերածվի ցանցի և հաջողությամբ կզարգանա Թբիլիսիում ու այլ քաղաքներում»,- հայտարարել է Նադարեիշվիլին։
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Խվթիսիաշվիլիի հայտարարությամբ՝ Արտաքին գործերի նախարարությունը, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Արտադրիր Վրաստանում» գործակալության հետ համագործակցությամբ, արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով ակտիվորեն աշխատում է գլոբալ բրենդների Վրաստան ներգրավման ուղղությամբ։
««Սթարբաքսի» մուտքը Վրաստան մի քանի տարվա համատեղ աշխատանքի լավ օրինակ է, և այս իրադարձությունն ընդգծում է այն փաստը, որ Վրաստանի կառավարության քաղաքականությունը և ստեղծված միջավայրը գնալով ավելի գրավիչ են դառնում գլոբալ բրենդների համար։ Նախարարությունն ակտիվորեն կշարունակի աշխատանքն այս ուղղությամբ»,- հայտարարել է Խվթիսիաշվիլին։
Alshaya Group-ը Եվրասիայում կառավարում է «Սթարբաքսի» ավելի քան 800 օբյեկտ Թուրքիայում, Ղազախստանում, Ադրբեջանում և Մերձավոր Արևելքի երկրներում, իսկ ընդհանուր առմամբ ընկերության պորտֆելում 13 շուկաներում ներկայացված է «Սթարբաքսի» 2000 խանութ։
«Սթարբաքսը» գործում է 1971 թվականից և հանդիսանում է աշխարհում մասնագիտացված սուրճի առաջատար մատակարարներից մեկը։ Այսօր ընկերության ցանցն ընդգրկում է ավելի քան 40,000 օբյեկտ։