Ստամբուլում հորդառատ անձրևների և տարածված ջրհեղեղների հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել
Vehicles drive along a partially flooded road during a heavy rain in Istanbul, Turkey, Wednesday, Oct. 14, 2026. (Omer Hamza Yildiz/DIA Photo via AP)
Euronews-ի հաղորդմամբ՝ Ստամբուլում հորդառատ անձրևների և տարածված ջրհեղեղների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։
Ստամբուլի քաղաքային իշխանությունները հայտնում են, որ որոշ շրջաններում տեղումների քանակը հասել է ռեկորդային մակարդակի՝ ամենաբարձր ցուցանիշը 1985 թվականից ի վեր։ Հորդառատ անձրևը կաթվածահար է արել Ստամբուլի մեծ մասը. ջրի տակ են անցել բնակելի տներ և ճանապարհներ, իսկ առնվազն երկու մարդ զոհվել է։ Ողջ գիշեր փրկարարական խմբերն աշխատել են՝ օգնության հասնելու հարյուրավոր մարդկանց, որոնք արգելափակվել էին իրենց աշխատավայրերում։ Տեղի բնակիչները նույնպես միացել են փրկարարական աշխատանքներին։
Հոկտեմբերի 14-ի գիշերվանից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում տեղացած հորդառատ անձրևների պատճառով ջրով են լցվել բնակելի տներ և առևտրային տարածքներ։ Ճանապարհներն ու ստորգետնյա անցումները հայտնվել են ջրի տակ, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցները մնացել են արգելափակված, իսկ երթևեկությունը դարձել է քաոսային։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ աղետի հետևանքով երկու մարդ է մահացել։ Ստամբուլի Ֆաթիհ շրջանի զբոսայգիներից մեկում 14-ամյա մի դեռահաս մահացել է էլեկտրահարումից, իսկ մեկ այլ անձ Սարըյեր շրջանում մայթի վրա վայր է ընկել և գլխի վնասվածք ստացել։
Հոկտեմբերի 15-ի առավոտյան Ստամբուլում հորդառատ անձրևները շարունակվել են։ Նահանգապետարանը հայտարարել է, որ ուսումնական հաստատություններում դասերը դադարեցվում են, իսկ պետական հատվածի որոշ աշխատակիցների տրվում է ազատ օր։ Իշխանությունները բնակիչներին հորդորել են դուրս չգալ տներից, եթե դա խիստ անհրաժեշտ չէ, իսկ նկուղային հարկերում բնակվողներին խորհուրդ են տվել գիշերն անցկացնել այլ վայրում՝ ավելի անվտանգ պայմաններում։
Բացի այդ, Ստամբուլում արգելվել է մոտոցիկլետների երթևեկությունը։