Ստամբուլում ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել գերիների ևս մեկ փոխանակում
Ստամբուլում ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի է ունեցել գերիների ևս մեկ փոխանակում։ Մասնավորապես, Ուկրաինան ռուսական գերությունից վերադարձրել է ծանր վիրավոր մարդկանց։
«Մենք շարունակում ենք մեր ժողովրդին վերադարձնել, ինչպես պայմանավորված էր Ստամբուլում։ Այսօր ռուսական գերությունից ծանր հիվանդ և վիրավոր զինվորների վերադարձի առաջին փուլն է։ Նրանց բոլորին անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն։ Սա կարևոր մարդասիրական գործողություն է։ Փոխանակումը պետք է շարունակվի։ Մենք ամեն ինչ անում ենք գերության մեջ գտնվող յուրաքանչյուրին գտնելու և վերադարձնելու համար։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ», – սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ռազմագերիների հարցով համակարգող շտաբի տվյալներով՝ ազատ արձակվածների թվում են նաև Մարիուպոլի պաշտպանները։ Շտաբը նշում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ազատ արձակված անձանց ճշգրիտ թիվը կհայտարարվի փոխանակման գործընթացի ավարտից հետո։
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել երեկ, որի արդյունքում Ուկրաինան վերադարձրել է 25 տարեկանից փոքր զինծառայողների առաջին խումբը։