Սրբազան Շիո Մուջիրի. Արդար մարդու մահվանն ուղեկցում է նաև սփոփանքը, և մենք իսկական հրաշքի ականատեսը դարձանք՝ ողջ Վրաստանը ոտքի ելավ Իլիա Երկրորդի հանդեպ իր երախտագիտությունն արտահայտելու համար

16:13, 25.03.2026

«Արդար մարդու մահվանն ուղեկցում է նաև սփոփանքը, և մենք ականատես եղանք իսկական հրաշքի։ Ողջ Վրաստանը ոտքի կանգնեց և շարժվեց դեպի Իլյա Երկրորդի հանդեպ հարգանքի, երախտագիտության և սիրո արտահայտման։ Այս սերն ու միասնությունը մեզ հույս են տալիս, որ կկարողանանք պահպանել այն մեծ արժեքները, որոնք մեզ են հասցրել մեր մեծ պատրիարքները», – այս մասին Սիոնի տաճարում քարոզի ժամանակ հայտարարել է պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծղուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի)։

Սրբազան Շիոն շնորհավորել է հասարակությանը Վրաստանի եկեղեցու ավտոկեֆալիայի (ինքնագլխության) վերականգնման օրվա առթիվ և խոսել այս ճանապարհին Իլյա Երկրորդի կատարած գործերի մասին։

«Ճիշտ է, 1917 թվականին մենք հայտարարեցինք ավտոկեֆալիայի վերականգնման մասին, սակայն անհրաժեշտ էր դրա ճանաչումը Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության և համաշխարհային ուղղափառ եկեղեցիների կողմից։ Այս մեծ գործն իր վրա վերցրեց Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը։ Նա բազմամյա աշխատանքով և մեծ հեղինակությամբ հասավ նրան, որ 1990 թվականին Ուղղափառության տոնին, Կոստանդնուպոլսում, Տիեզերական Պատրիարք Նորին Սրբություն Դիմիտրիոս Առաջինը Վրաստանի եկեղեցուն հանձնեց մեր եկեղեցու՝ հնագույն ժամանակներից գոյություն ունեցող ավտոկեֆալիայի և պատրիարքական տիտղոսի ճանաչման ու հաստատման կոնդակները։ Կարելի է ասել, որ Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը պսակեց ավտոկեֆալիայի ձեռքբերման համար մեր նախնիների աշխատանքն ու պայքարը։

Այսօր մենք գտնվում ենք Սիոնի սուրբ տաճարում և մեծ երկյուղածությամբ ու երախտագիտությամբ ենք համակված մեր սուրբ պատրիարքների ու նախնիների հանդեպ, ովքեր չհաշտվեցին ավտոկեֆալիայի կորստի հետ։ Իրենց անձնազոհությամբ, աշխատանքով և մեծ վաստակի գնով մեր երկրին ու եկեղեցուն կրկին վերադարձրին և վերականգնեցին հնուց գոյություն ունեցող պատմական ավտոկեֆալիան։ Նրանք էին սուրբ Կաթողիկոս-Պատրիարքներ Կիրիոնը, Ամբրոսին, Կալիստրատեն, Լեոնիդեն, Քրիստեփորեն, Մելքիսեդեկը, Եփրեմը, այլ հոգևոր և աշխարհիկ անձինք, միտրոպոլիտ Անտոն Գիորգաձեն և ուրիշներ։ Կաթողիկոս-Պատրիարքները հանգչում են այստեղ՝ այս սուրբ տաճարում, և նրանց կողքին արդեն հավերժական տեղ է զբաղեցրել նրանց արժանավոր ժառանգորդը, նրանց գործերի շարունակողը՝ Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը։ Ինչպես Ավետարանում է ասված, բոլորս տեսնում ենք, որ «այնպես փայլեն ձեր գործերը մարդկանց առաջ», որ մենք փառավորենք մեր Երկնավոր Հորը։

Այս օրերը չափազանց ծանր են մեզ համար։ Միևնույն ժամանակ, մենք գիտենք, որ երբ սուրբ, արդար մարդ է մահանում, դրան ուղեկցում է նաև հոգևոր սփոփանքն ու ուրախությունը։ Սպասում էինք, թե դա ինչպես կդրսևորվի։ Մենք ականատես եղանք իսկական հրաշքի՝ ողջ Վրաստանը ոտքի կանգնեց և շարժվեց դեպի Նորին Սրբության և Երանության աճյունը՝ հարգանքի, երախտագիտության և սիրո արտահայտման համար։ Կար զարմանալի միասնություն, սեր առ Աստված և անձամբ նրա հանդեպ։ Չէ՞ որ նրա մեջ մեր ազգը փառաբանում է եկեղեցին ու Աստծուն, շնորհակալություն հայտնում Աստծուն։ Այս դրսևորված սերն ու միասնությունը մեզ մեծ հոգևոր ուժ և սփոփանք են տալիս՝ հաղթահարելու այս բարդագույն օրերը։ Նաև մեծ հույս են տալիս, որ Աստծո օգնությամբ կկարողանանք պահպանել այն մեծ արժեքները, որոնք մեզ են հասցրել մեր մեծ պատրիարքները, նախնիները, այդ թվում՝ այն, ինչ մեզ կտակել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը։ Դա Աստծո հանդեպ ճշմարիտ հավատն է, հավատարմությունը հայրենիքին և սերը մարդու հանդեպ։ Եթե սա պահպանենք, եթե սրա համար պայքարենք ու աշխատենք, Տերը անպայման կօգնի մեզ, հնարավորություն կտա պահպանել ինչպես մեր եկեղեցական ավտոկեֆալիան, այնպես էլ մեր պետական անկախությունը, կօգնի երկրի միավորմանն ու հզորացմանը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Վրաստանի եկեղեցու ավտոկեֆալիայի վերականգնման օրվա առթիվ։ Թող Աստված օրհնի և զորացնի ձեզ։ Թող Աստված օրհնի, հիշի, ողորմի և լուսավորի Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի անմահ հոգին։ Թող Աստված օրհնի, միավորի և փրկի Վրաստանը», – հայտարարել է սրբազան Շիոն։

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի մահվան իններորդ օրվա և ավտոկեֆալիայի վերականգնման օրվա կապակցությամբ Սիոնի մայր տաճարում պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծղուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի), բարձրաստիճան հոգևորականների և քահանայից դասի հետ միասին, կատարել է գոհաբանական մաղթանք և հոգեհանգստյան կարգ։ Սիոնի տաճարում արարողությանը ներկա էին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Համայն Վրաստանի 141-րդ Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը վախճանվել է մարտի 17-ին, 93 տարեկան հասակում։

Իլյա Երկրորդը հուղարկավորվել է մարտի 22-ին Սիոնի տաճարում։

Նմանատիպ