Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից
Օգոստոսի 1-ից ԱՄՆ-ում կգործարկվեն ներմուծվող ապրանքների նոր մաքսատուրքերը, որոնք ևս ավելի կավելացնեն երկրի եկամուտները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
Լևիթը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Սպիտակ տան առևտրի և մաքսատուրքերի թիմին կապվել է ավելի քան 200 երկիր, և օտարերկրյա առաջնորդները մինչև ժամկետի ավարտը նոր պայմանագրեր են առաջարկում ԱՄՆ նախագահի ուշադրությանը։ Նրա խոսքով՝ ժամկետի ավարտին մնացած մի քանի ժամվա ընթացքում հնարավոր է լրացուցիչ համաձայնագրերի կնքում։
Բացի այդ, Լևիթը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը ԵՄ-ի հետ կնքել է առևտրային համաձայնագիր, որը մինչև 2028 թվականի վերջ ԱՄՆ-ին միլիարդավոր դոլարների ներդրումներ կբերի։ Իսկ այն երկրների վերաբերյալ հարցին, որոնց հետ մաքսատուրքերի շուրջ դեռևս համաձայնություն չի ձեռք բերվել, Լևիթը նշել է, որ այս հարցը Դոնալդ Թրամփի թիմը կքննարկի այսօր և լրացուցիչ ցուցումներ կհրապարակի ավելի ուշ։