Սպասվում է, որ ԿԸՀ-ն հաջորդ շաբաթ կհայտարարի նորընտիր սակրեբուլոսների առաջին նիստի օրը
Սպասվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաջորդ շաբաթ կհայտարարի նորընտիր սակրեբուլոների առաջին նիստի օրը,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է ԿԸՀ-ի խոսնակ Նաթիա Իոսելիանին։
«Նոյեմբերի 13-ին ԿԸՀ-ն ամփոփեց Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը, ինչպես նաև ամփոփեց Թբիլիսիի սակրեբուլոյի ընտրությունների արդյունքները։ Վրաստանի ընտրական օրենսդրության համաձայն՝ ԿԸՀ-ն Սակրեբուլոյի առաջին նիստը գումարում է վերջնական արդյունքներն ամփոփելուց հետո 30 օրվա ընթացքում, ուստի այս ժամկետի հաշվարկը սկսվել է նոյեմբերի 13-ից։ Կոնկրետ օր և ժամկետի վերաբերյալ որոշում կկայացվի ԿԸՀ-ի նիստում, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ շաբաթ։ ԿԸՀ-ն այս նիստում արդեն կսահմանի առաջին նիստի գումարման ժամկետը»,- ասել է Իոսելիանին։
Նաթիա Իոսելիանին պարզաբանել է նաև օրենքի այն նորմը, որի հիման վրա իրենց գործունեությունը կսկսեն նորընտիր քաղաքապետերը։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քաղաքապետերն իրենց լիազորությունները պաշտոնապես կստանձնեն ընտրությունների ամփոփումից 11-րդ օրը։
«Ինչ վերաբերում է քաղաքապետերի մասին, ապա քաղաքապետերի դեպքում, ըստ օրենսդրության, դա կատարվում է արդյունքների ամփոփումից 11-րդ օրը։ Գիտեք, որ առաջին փուլի դեպքում այն մունիցիպալիտետները, որտեղ ընտրվել են քաղաքապետերը, ամփոփումից հետո տասնմեկերորդ օրն արդեն ստանձնել են իրենց պաշտոնը։ Ինչ վերաբերում է երկրորդ փուլի դեպքերին, ապա Թբիլիսիի դեպքում նույնպես նոյեմբերի 13-ից հետո կլինի 11-օրյա ժամկետ և քաղաքապետը կստանձնի պաշտոնը։ Ինչ վերաբերում է շրջաններին, ապա նախորդ օրը շրջաններն ամփոփել են արդյունքները։ Ուստի 11-օրյա ժամկետը կհաշվարկվի նոյեմբերի 12-ից»,- ասել է Նաթիա Իոսելիանին։