Սոմալիի անվտանգության ուժերը ահաբեկիչներից ազատել են Hyatt հյուրանոցը, վերջին տվյալներով՝ առնվազն 21 մարդ է զոհվել
Սոմալիի անվտանգության ուժերը ահաբեկիչներից ազատել են Hyatt հյուրանոցը, վերջին տվյալներով՝ առնվազն 21 մարդ է զոհվել

Սոմալիի անվտանգության ուժերն ավարտել են Մոգադիշոյում ահաբեկիչներից «Hyatt» հյուրանոցի ազատագրման գործողությունը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 21 մարդ։

Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։

Սոմալիի մայրաքաղաքում գտնվող «Hyatt» հյուրանոցը ուրբաթ երեկոյան գրավել են «Ալ-Շաբաբ» ահաբեկչական կազմակերպության մարտիկները։ Սոմալիի հատուկ ջոկատայինների կողմից հյուրանոցի ազատագրման գործողությունը տեւել է 30 ժամ։

«Կարող ենք հաստատել, որ ունենք 21 զոհ և 117 վիրավոր։ Մահացածների և վիրավորների թիվը հիմնված է հիվանդանոցի տվյալների վրա։ Հնարավոր է, որ մահացած մարդիկ են եղել, որոնց հիվանդանոց չեն տեղափոխել և թաղել են հարազատները»,- ասել է Սոմալիի առողջապահության նախարարը։

Ոստիկանության կապիտան Ահմեդի խոսքով՝ ահաբեկիչները մտել են հյուրանոցի բակ ու կրակել քաղաքացիների վրա, ովքեր վազում էին դեպի հյուրանոցի շենք։ Նրա խոսքով՝ հարձակվողները նռնակների միջոցով սպանել են անվտանգության տասը աշխատակիցների։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ անվտանգության ուժերը հյուրանոցի շենքից ազատ են արձակել 106 պատանդների, այդ թվում՝ երեխաների ու կանանց։

Հարձակվողների թիվը դեռ չի նշվում։