Սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Էքրեմ Իմամօղլուն ունի հարցվածների 46.7%-ի աջակցությունը, մինչդեռ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցում է՝ 39.3%

16:35, 06.05.2025

Կալանավորված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի վարկանիշը վերջին երկու ամիսների ընթացքում էլ ավելի է աճել։ «Մետրոպոլ» և «Քոնդա» սոցիոլոգիական հետազոտությունների ընկերությունների կողմից անցկացված հարցումը ցույց է տալիս, որ Իմամօղլուն ունի հարցվածների 46.7%-ի աջակցությունը, մինչդեռ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կողմ է հարցվածների 39.3%-ը։ Քաղաքացիներին տրվել է հետևյալ հարցը. եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի ունենար այսօր, որ թեկնածուի օգտին կքվեարկեին նրանք։

Ինչ վերաբերում է նրանց կուսակցություններին, ապա Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (33%) և Իմամօղլուի «Հանրապետական» կուսակցության (34%) կողմնակիցների թիվը նույնպես աճել է։

Հարկ է նշել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայումս երկրորդ ժամկետով է զբաղեցնում Թուրքիայի նախագահի պաշտոնը, և գործող օրենսդրության համաձայն՝ նա չի կարող մասնակցել 2028 թվականի ընտրություններին, եթե չնշանակվեն վաղաժամկետ ընտրություններ կամ չստանա խորհրդարանի 3/5-ի աջակցությունը։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մարտին ձերբակալվել էր կոռուպցիայի մեղադրանքով, ինչը լայնածավալ բողոքի ցույցեր էր առաջացրել։ Հանրապետական ​​կուսակցությունը ներկայացրել է 13 միլիոն քաղաքացիների կողմից ստորագրված խնդրագիր՝ պահանջելով նրա ազատ արձակումը և արտահերթ ընտրությունների անցկացումը։

Նմանատիպ